ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Հուսով եմ` իրավասու պետական մարմինները կկայացնեն տրամաբանական ու օրենքին համապատասխան որոշում` նկատի ունենալով Սամվելի կենսագրությունը. Կարեն Կարապետյան

Հուսով եմ` իրավասու պետական մարմինները կկայացնեն տրամաբանական ու օրենքին համապատասխան որոշում` նկատի ունենալով Սամվելի կենսագրությունը. Կարեն Կարապետյան

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

 

«Սամվել Կարապետյանը իմ ընկերն է և բարեկամը, հետևաբար չեմ բացառում, որ այն, ինչ կասեմ իր ու այս օրերին Հայաստանի Հանրապետությունում իր շուրջ կատարվողի մասին, ընկալվի սուբյեկտիվ և զգացմունքային, այդ իսկ պատճառով կփորձեմ ասելիքս կառուցել հնարավորինս օբյեկտիվ և փաստերի վրա հիմնված:

1․ Սամվել Կարապետյանը երբևէ որևէ իշխանության մաս չի կազմել, որևէ իշխանության օրոք որևէ պաշտոն չի զբաղեցրել, իր ֆինանսական կարողությունները և ունեցվածքը Հայաստանում չեն ձևավորվել:

 

2․ Սամվել Կարապետյանը Հայաստանում և Արցախում իր աննախադեպ ու լայնամասշտաբ բարեգործական գործունեությունը ծավալել է՝ դա չպայմանավորելով օրվա իշխանության ով լինելու հանգամանքով կամ այդ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Այս իրողության մեջ կարելի է համոզվել անգամ հպանցիկ հայացք նետելով այն բարեգործությունների շարքին, որոնք նա կատարել է այս տարիների (այդ թվում` վերջին յոթ տարիների) ընթացքում:

3․ Բոլոր հայ բարերարները, այդ թվում Սամվել Կարապետյանը, Հայաստանի Հանրապետությանը վերաբերվում են ու հուսով եմ` հետագայում ևս կվերաբերվեն որպես հարազատ տան, օջախի, որից զուտ ակնկալում են արդարացի վերաբերմունք՝ հայրենիքի նկատմամբ իրենց վարքագծին համապատասխան:

4․ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձ իրավունք ունի ամենատարբեր հարցերի վերաբերյալ ունենալ սեփական կարծիք ու այն արտահայտել, որը կարող է չհամընկնել կամ հաճելի չլինել այս կամ այն անձի կարծիքի հետ՝ անկախ այդ անձի ով լինելու կամ որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից:

5․ Հայկական սփյուռքում Սամվել Կարապետյանը յուրահատուկ դեր ունի ոչ միայն իր կատարած բարեգործությունների կամ ֆինանսական օգնությունների շնորհիվ, այլ որովհետև նա միշտ փորձել է իր ձևով օգնել մեր հայրենակիցներին՝ այդ թվում խորհուրդ տալու, հաշտեցնելու, աջակցելու, սուր եզրերը հարթելու ձևով, երբ դրա կարիքը եղել է:

6․ Ս. Կարապետյանը իրավունք ունի ունենալ իր վերաբերմունքը մեր եկեղեցու նկատմամբ, արտահայտել դիրքորոշում ու կարծիք եկեղեցու շուրջ վերջին ժամանակահատվածում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, իր չափով ու ձևով ունենալ մասնակցություն այդ հարցի քննարկմանը, լուծմանը և հաղթահարմանը:

7․ Սամվել Կարապետյանի խոսքի մեկնաբանման այն տարբերակը, որը դրվել է նրա նկատմամբ իրականացվող քրեական գործընթացի հիմքում առնվազն վիճելի է` հաշվի առնելով հարցերի լուծման բազմաթիվ ուղիներ և եղանակներ, որոնք կարող էին տեղ գտնել այդ բառերի ներքո (տես՝ կետ 5):

8․ Կարծում եմ՝ նրա նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` ժողովրդական լեզվով ասած` մարդավարի:

9․ Հայաստանում ստեղծված մթնոլորտի (ատելություն, անհանդուրժողականություն, հակադիր կարծիքների մերժում և այլն) առումով անելիքներ ունեն բոլորը՝ օրվա իշխանությունն առաջին հերթին, քանի որ իր հնարավորություններն այդ մասով ամենալայնն են:

Հուսով եմ` իրավասու պետական մարմինները կկայացնեն տրամաբանական ու օրենքին համապատասխան որոշում` նկատի ունենալով Սամվելի կենսագրությունը:

Կարծում եմ, որ այդ վիճելի գործընթացը կարող է շարունակվել նաև առանց իրավական ու բարոյական տեսանկյունից անընդունելի կալանքի կիրառման»։

  • Կիսվել: