երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Հունվարի 11-ի հայտարարությունը ենթադրում է ապաշրջափակում որպես այդպիսին, ոչ թե կոնկրետ ուղղություններով. փոխվարչապետ

Հունվարի 11-ի հայտարարությունը ենթադրում է ապաշրջափակում որպես այդպիսին, ոչ թե կոնկրետ ուղղություններով. փոխվարչապետ

Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ընթացքին, ասաց, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման գործընթացում երկաթգծերի վերագործարկման մասով հնարավոր լուծումները ավելի տեսանելի են, քան ավտոճանապարհների պարագայում

Նա նշեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի վերջին հանդիպումը եղել է մոտ մեկ ամիս առաջ: Սակայն ապաշրջափակման օրակարգի ՛՛հասունության՛՛ համար փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն կա:

Խոսելով այն մասին, թե ո՛րն է հայկական կողմի համար ավելի նպատակահարմար՝ Իջևան-Աղստաֆա երկաթգծի՞, թե՞ Սյունիքով անցնող երկաթգծի վերաբացումը, փոխվարչապետն ասաց, որ հունվարի 11-ի հայտարարությունը ենթադրում է ապաշրջափակում որպես այդպիսին, ոչ թե կոնկրետ ուղղություններով:

Ամեն ուղղություն, ըստ Գրիգորյանի, ունի իր տեխնիկական կամ տնտեսական հիմնավորման պրոբլեմները, բայց, այնուամենայնիվ, ուղղությունների վրա ֆիքսվելը, նրա խոսքով, սխալ է, քանի որ խոսում ենք ապաշրջափակման մասին տարածաշրջանում, ինչը, ինչպես կարծում է փոխվարչապետը, նշանակում է, որ բոլոր հնարավոր ուղիները պետք է բացվեն և ապաշրջափակվեն:

Նա ասաց. ՛՛Եկեք այդ տեսանկյունից նայենք հարցին, ինչը նշանակում է, որ բոլոր ուղղությունները բացելը, կարծում եմ, լավագույն լուծումն է: Բայց դա պետք է իրականացվի մեր սահմանային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ հսկողական գործառույթների իրականացման պարագայում և կարգավորվի առավելագույնս ԱՊՀ երկրների իրավական բազայի կանոններով՛՛:

  • Կիսվել: