երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հրթիռակոծումը հրավառություն էր, հարգանքի տուրք էր զոհված գեներալ Սոլեյմանիին. Վարդան Ոսկանյան

Հրթիռակոծումը հրավառություն էր, հարգանքի տուրք էր զոհված գեներալ Սոլեյմանիին. Վարդան Ոսկանյան

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վրիժառության գործողությունը պարտադիր էր թե քաղաքական, թե կրոնական, թե քարոզչական իմաստով, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով, Ղասեմ Սոլեյմանին իրանական հասարակության տարբեր հատվածների շրջանում մեծ սեր էր վայելում և այն կերպարն էր, որը կարողացավ իր մահով համախմբել միմյանց դեմ տարբեր խնդիրների պատճառով դուրս եկած իրանական հասարակությունը:

«Գիտեք՝ շիայական իսլամում ընդունված է սգո քառասունքը, ինչպես մեզանում, այդ ընթացքում կոնկրետ մարդուն սպանածի հետ բանակցություններ բացառվում են, հետևաբար այս պահին Իրանը չի գնա որևէ բանակցության», -հավելեց Ոսկանյանը:

Ինչ վերաբերում է Իրան-ԱՄՆ հետագա հարաբերություններին, ապա ըստ իրանագետի, իրանցիները օգտագործելու են իրենց բոլոր հնարավորությունները հասնելու իրենց հիմնական խնդրին՝ Մերձավոր Արևելքում կրճատելու ԱՄՆ զինված ուժերի քանակը:

Նրա խոսքով, առաջին հերթին դա վերաբերում է Իրաքի տարածքին, քանի որ իրանցիները Իրաքի տարածքը համարում են իրենց կենսական շահերի ոլորտը:

«Իրանցիները շարունակելու են իրենց հիմնական նպատակին հասնել զանազան գործիքակազմի օժանդակությամբ: Հրթիռակոծումը ինչ-որ տեղ հրավառություն էր, հարգանքի տուրք էր զոհված գեներալին, բայց բուն քաղաքական դաշտում իրանցիները արդեն իսկ ձեռնարկել են այդ գործողությունները՝ ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին Իրաքի խորհրդարանի ընդունած որոշումը և բացի այդ, Իրաքի քրդական հատվածում իրանցիները ակտիվացելու են իրենց գործողությունները: Համենայնդեպս, դատելով քրդերի շրջանում տիրող տրամադրություններից, նրանք բավական անհանգստացած են Իրանի ազդեցության աճով», -հայտարարեց Ոսկանյանը:

  • Կիսվել: