հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հրեական համայնքն աջակցել է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը. Haaretz

Հրեական համայնքն աջակցել է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը. Haaretz

Թուրքիայի իշխանությունների կողից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանն է անդրադարձել իսրայելական Haaretz պարբերականը՝ ներկայացնելով Լոնդոնյան տնտեսագիտության դպրոցի պատմաբան Մարկ Դևիդ Բերի վերլուծական հոդվածը:

Ցեղասպանությունը հերքելու հարցում, ինչպես նշել է պատմաբանը, Թուրքիայի իշխանություններին աջակցություն են ցուցաբերել նաև հրեական համայնքի առաջնորդները: Նրանք փորձել են հավաստիացնել, որ հուսալի դաշնակիցներ են՝ Ցեղասպանության ճանաչման դեմ արշավ իրականացնելով Իսրայելում, Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Ըստ Բերի՝ Օսմանյան կայսրությունը 15-րդ դարի վերջին ընդունել է Իսպանիայից և Պորտուգալիայից վտարված հրեաներին, որոնք թուրք սուլթանին ընկալել են որպես իրենց փրկիչ և պաշտպան: Հետագայում հրեաները ձգտել են ապացուցել իրենց հավատարմությունը Թուրքիային՝ նպաստելով ժխտողական քաղաքանության առաջխաղացմանը: 

Պատմաբանը գրել է. «Դա տեղի է ունեցել հայերի առաջին զանգվածային սպանություններին զուգահեռ: Իրենց ներկայացնելով որպես սուլթանին հավատարիմ ենթականեր՝ օսմանյան հրեաների առաջնորդներն անցել են սուլթան Աբդուլհամիդ Երկրորդի կողմը՝ ընդդեմ հայերի, որոնք էլ դարձել են նրանց ընդհանուր թշնամին»:

Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունից հետո հրեական համայնքում վախի և տագնապի մթնոլորտ էր տիրում, իսկ օսմանյան թերթերում հակահրեական նյութեր էին հրապարակվում:

Հոդվածում, բացի այդ, ասվում է. «Հայոց ցեղասպանության ժխտմանն աջակցեց նաև Իսրայելի կառավարությունը՝ նախագահներ Շիմոն Պերեսը և Մոշե Կացավը, ինչպես նաև ԱԳՆ-ն և գրեթե բոլոր խոշոր իսրայելա-ամերիկյան կազմակերպությունները: Թեև Իսրայելի կազմավորման գործընթացը 1948-ին արագացվել է նացիստների կողմից իրականացված հրեական ցեղասպանությամբ, Իսրայելը չի հիշում Հայոց ցեղասպանության մասին: Հրեական պետությունն առաջինը պետք է ճանաչեր ցեղասպանությունը, որտեղ էլ այն տեղի ունեցած լիներ, սակայն նախընտրում է պաշտոնական լռություն պահպանել՝ չհակադրվելով իր ռազմական և տնտեսական դաշնակցին՝ անկախ Թուրքիայի ներկայիս առաջնորդի հակասեմական և հակաիսրայելական հռետորաբանությանը»:

  • Կիսվել: