Հրայր Թովմասյանը այդքան չարժե. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրենից մեծ բան չի ներկայացնում, որի համար «այսքան արժեք պետք է զոհաբերել»: «Հրայր Թովմասյանը գործող Սահմանադրության հեղինակներից մեկն է, նախկին իշխանության ներկայացուցիչ, և Հրայր Թովմասյանի ամբողջ թիմն էլ հեռացել է իշխանությունից: Ինքն էլ պետք է նրանց հետ հեռանար իշխանությունից: Բայց որ ինքը չի հեռացել, չի նշանակում, որ նրա չհեռանալու համար կարելի է զոհաբերել էսքան արժեք: Ինքը այդքան չարժե», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարց Մարուքյանը:
Նա մատնանշեց իշխող խմբակցության սխալներից մեկը, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելով ԱԺ իշխանական խմբակցությունը այն դնելու է համաժողովրդական հանրաքվեի: Ըստ պատգամավորի, դա տարօրինակ է, քանի որ նրա պնդմամբ, պետք չի այդ հարցի համար ժողովրդին տանել ընտրատեղամասեր: «Դա օգուտ է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի համար: Չի կարելի նախկին ռեժիմին հնարավորություն տալ այս քարոզարշավի միջոցով վերակենդանանալ: Էլ ո՞նց բացատրեմ: Կարո՞ղ եք մի բարեփոխում ասել, որի իրականացմանը Սահմանադրական դատարանը արգելափակել է» , -հավելեց Մարուքյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգայի ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ԱԺ արտահերթ նիստը հետաձգվում է՝ օրակարգում ընդգրկված նախագծերում որոշ տեխնիկական շտկումներ կատարելու համար: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության միջնորդությամբ կհրավիրվի ԱԺ խորհրդի արտահերթ նիստ՝ ներկայացած նոր նախագծերը հաստատելու և ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար:
Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ նիստում ընդգրկվել էին Իմ քայլի պատգամավոր Վահագն Հովակիմյանի նախաձեռնած փոփոխությունները «Ազգային ժողովի կանոնակարգ» «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում: Բացի այդ, նույն խմբակցության 37 պատգամավորներ ներկայացրել էին փոփոխություններ ՀՀ Սահմանադրության մեջ, որով առաջարկում են ՍԴ նախագահի և ՍԴ վեց դատավորներին պաշտոնանկ անել: