հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրապարակից դուրս գալու որոշում չունենք. Սաղաթելյան

Հրապարակից դուրս գալու որոշում չունենք. Սաղաթելյան

՛՛Դիմադրություն՛՛ շարժման մասնակիցներից վերջին 35 օրվա ընթացքում տարբեր ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել 2100 հոգի: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ դա ՀՀ ոստիկանության հրապարակած պաշտոնական տվյալ է:

Նա հավելեց. ՛՛Այս ընթացքում ձերբակալվել է 48 քաղաքացի, որից 27-ը ներկայում կալանքի տակ է: Կան հարուցված մի քանի գործեր, որոնց շրջանակում տարբեր քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել: Սա հնչեցնում եմ, որ բոլորը հասկանան, որևէ ճնշում, ձերբակալում մեր շարժումը չի կասեցնելու՛՛:

Սաղաթելյանը մտահոգություն հայտնեց, որ մինչ այժմ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Նա նշեց, որ հրապարկում այսօր հնչեցված մի շարք հարցերի վերաբերյալ վաղը նամակ են փոխանցելու Դատախազություն։

Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասաց. ՛՛Դադար վերցնելու, հետ քայլի, նահանջի խնդիր չկա, մենք շարունակելու ենք մեր պայքարը: Վրաններն ինքնանպատակ չենք տեղադրել, այսօր կարող եմ ասել, որ հրապարակից դուրս գալու որոշում չունենք: Վրանները տեղադրել ենք հրապարակում ու 24 ժամվա ռեժիմով պայքարում ենք՛՛:

Նա հավելեց, որ քննարկում են, թե ինչպիսի մարտավարություն ընտրեն, որ շարժմանը նոր թափ հաղորդեն ու այն ավելի ընդլայնվի: Սաղաթելյանը նշեց, որ ՛՛Դիմադրություն՛՛ շարժումը շաբաթվա վերջում հանդես կգա ծրագրային դրույթներով՝ ուղղված շարժումն ավելի կազմակերպված դարձնելուն:

  • Կիսվել: