ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հները վերադառնալու շանս չունեն, նրանց տարիները սևով են հիշում բոլորը. Աշխեն Գործունյան

Հները վերադառնալու շանս չունեն, նրանց տարիները սևով են հիշում բոլորը. Աշխեն Գործունյան

2020 թվականը սարսափելի տարի էր Հայաստանի համար, մյուս կողմից՝ կորոնավիրուսը ամբողջ աշխարհը խառնեց իրար։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ամփոփելով 2020 թվականը, նշեց ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:

«Ես սկզբում հույս ունեի, որ կորոնավիրուսը կշրջանցի Հայաստանը, բայց, դժբախտաբար, այդպես չեղավ, տնտեսությունը արդեն իսկ տուժել էր կորոնավիրուսից, ու հանկարծ Հայաստանը ավելի սարսափելի վիճակում հայտնվեց, երբ պատերազմը սկսվեց: Ես իմ ընկերներին հարցրի՝ արդյոք հույս կա՞, որ Հայաստանը հաղթի, ինձ բոլորն ասացին, որ հետևեմ ՊՆ-ին, իսկ մենք ՊՆ-ով ամեն օր մտածում էինք, որ շատ լավ կռվում ենք, որ հաղթելու ենք, և ես իսկապես չէի սպասում, որ այդչափ ցավալի վերջաբան կունենա պատերազմը»,- ասաց նա:

«Երկրաշարժից մինչև ղարաբաղյան շարժում, մինչև Քոչարյան ու Սերժի տարիներ, այդ ամենից հետո վերջին երկուսուկես տարին մի քիչ հուսով էինք, որ ամեն ինչ լավ կլինի, բայց հիմա ամեն ինչ փլվեց: Մենք ամենքս այստեղ սարսափում ենք, ամեն օր տեղեկատվություն կարդալով ավելի ենք սարսափում, և երբ զանգում ենք ու տեղեկանում, որ այսօր առանձնապես բան չի եղել, ուրախանում ենք։ 2021-ին պետք է մաղթենք, որ մեր ժողովուրդը խելացի լինի, մենք հազիվ պատմականորեն բախտ ենք ունեցել անկախ պետություն ունենալու, և հայ ժողովուրդը պետք է իր այդ արժեքը գնահատի, պահպանի իր Սահմանադրությունը և կարողանա նոր ղեկավար ընտրել, որին մենք գուցե այսօր չենք տեսնում, բայց վստահ եմ, որ Հայաստանում տեսնում են։ Նախևառաջ պետք է այդ կարողությունը ունենանք»,-  ընդգծեց գործարարը։

Աշխեն Գործունյանը համոզված է, որ 2021 թվականին Հայաստանի իշխանությունը պետք է հեռանա: «Գուցե ես սխալ եմ, բայց անշուշտ պետք է հեռանա և պետք է հեռանա առանց ցնցումների: Այս իշխանությունը պարտվեց պատերազմը, որքան մարդ կա, որ չի կարող ներել երիտասարդների մահն ու հողերի հանձնումը, դրա համար իշխանությունը պետք է հեռանա, բայց նոր իշխանություններին ժողովուրդը պետք է որոշի ազատ ընտրություններով։ Հները վերադառնալու շանս չունեն, նրանց տարիները սևով են հիշում բոլորը»,- ասաց նա՝ հավելելով, որ վստահում է այսօրվա երիտասարդությանը, որոնք պետք է առաջնորդեն երկիրը:

  • Կիսվել: