երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հնդկաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում. դեսպան

Հնդկաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում. դեսպան

Իրանը եւ Հնդկաստանը սերտորեն համագործակցում են Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում, մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակում եւ հասկանալ, թե ինչ շահ կարող է այն բերել երկրին։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Նրա խոսքով՝  Ասիայի ուղղությամբ գլոբալ զարգացման շարժումը ստեղծում է ինքնատիպ նշանակալիություն տարածաշրջանային փոխկախյալության համար։

«Հասկանալով սա՝ Հնդկաստանի կառավարությունը տվել է Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրի մեկնարկը, որը կարող է դառնալ Հյուսիս-Հարավ միջանցքի մի մասը։ Հայաստանը հետաքրքրություն է հայտնել այդ նախագծին մասնակցելու հարցում։

Մենք ողջունում ենք Չաբահար նավահանգիստն օգտագործելու եւ իր կախումը նվազեցնելու Հայաստանի ձգտումը՝ հաշվի առնելով դեպի ծով ելքի բացակայությունը։ Հնդկաստանը պատրաստ է մասնակցել Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացմանը։ Հայաստանի եւ Հնդկաստանի կապերը դարավոր պատմություն ունեն, իսկ Իրանը այն տեղն է եղել, որը նպաստել է այդ կապի զարգացմանը»,- ընդգծել է դեսպանը։

Նա հիշեցրել է, որ հայ գործիչ Շահամիր Շահամիրյանը 1771թ. Մադրասում հիմնել է տպագրատուն, որտեղ գրվել է անկախ Հայաստանի ապագա սահմանադրության տեքստը։

«Պատմական կապերը ամուր հիմքեր են ստեղծում այսօր հարաբերությունների զարգացման համար։ Աշխարհը փոխվում է, եւ փոխկախյալությունը դառնում է նոր աշխարհակարգի կարեւոր բաղադրիչներից մեկը։ Երեւանում ապրիլին տեղի են ունեցել քաղաքական երկխոսություններ Իրանի, Հնդակստանի եւ Հայաստանի միջեւ։ Խորհրդակցությունների առանցքային գաղափարը փոխկախյալությունն էր»,- ամփոփել է նա։

 

  • Կիսվել: