չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հնդկաստանը, Հայաստանը եւ Իրանը ձգտում են զարգացնել հարաբերությունները. Իրանի նախագահի խորհրդական

Հնդկաստանը, Հայաստանը եւ Իրանը ձգտում են զարգացնել հարաբերությունները. Իրանի նախագահի խորհրդական

Հնդկաստանը, Հայաստանը եւ Իրանը ձգտում են զարգացնել հարաբերությունները։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Իրանի նախագահի աշխատակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի միջազգային հարցերի գծով տնօրենի խորհրդական Ալիռեզա Քուհկանը։

«Զարգացման գրավականը տարածաշրջանում խաղաղությունն է։ Ես լավատեսորեն եմ տրամադրված համագործակցությանը Երեւանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում, այդ թվում Իրանի եւ Հայաստանի միջեւ համագործակցությանը։

Առաջ խաղաղություն էր համարվում պատերազմի բացակայությունը։ Բայց այսօր դա հասկացվում է նաեւ որպես պատերազմ սկսելու հավանականության բացակայություն, իսկ դա ենթադրում է կապերի հաստատում ժողովուրդների միջեւ, այդ թվում կրթության եւ գիտության ոլորտում։

Իրանը պատրաստ է ուսանողների փոխանակման եւ համատեղ այլ ծրագրերի իրականացման Իրանի, Հնդկաստանի եւ Հայաստանի բուհերի միջեւ։

Կապերի հաստատման միջոցով է հնարավոր շարունակել զարգացման եւ խաղաղության ճանապարհը տարածաշրջանում։

Խաղաղության ճանապարհը նշանակում է սոցիալական կապերի ամրապնդում եւ վստահալից հարաբերությունների զարգացում։ Կարեւոր գործիք կարող է ծառայել գիտական դիվանագիտությունը։ Նոր դարաշրջանում գիտական հանրույթի մասնակցությունը մարտահրավերների հաղթահարման գործին կարեւոր նշանակություն ունի։

Խաղաղության խաչմերուկը ավելին է, քան ֆիզիկական միջանցքների ստեղծման գաղափարը։ Կարեւոր է ուսումնասիրել նաեւ գիտական դիվանագիտության հնարավորությունները»,- նշել է Ալիռեզա Քուհկանը։

  • Կիսվել: