հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հիմա կյանքի հա՞րցն է կարևո՞ր, թե հետախուզումը. ըստ փաստաբանի, Մայրապետյանը դեռ շարունակում է բուժումը

Հիմա կյանքի հա՞րցն է կարևո՞ր, թե հետախուզումը. ըստ փաստաբանի, Մայրապետյանը դեռ շարունակում է բուժումը

Հեռուստաընկերություններից մեկի սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանը բուժումը շարունակում է արտերկրում և դեռ չի կարող վերադառնալ, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը:

«Եթե չի ավարտել բուժումը, ո՞նց գա», -ասաց փաստաբանը՝ պատասխանելով մեր հարցին, արդյոք պատրաստվում է Մայրապետյանը գալ Հայաստան:

Դիտարկմանը, թե Մայրապետյանի ազատ արձակման համար երաշխավորություն ներկայացրած անձինք՝ նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը վատ դրության մեջ հայտնվեցին, փաստաբանը արձագանքեց.

«Շատ հարաբերական է, թե ինչու չեկավ: Այդ մարդը հիվանդ է, հիմա կյանքի հա՞րցն է կարևո՞ր թե հետախուզումը: Բնականաբար՝ կյանքը, և նա նախընտրեց իր կյանքը»:
Այդուհանդերձ, փաստաբանը նկատեց, ո Մայրապետյանը չի խուսափում քննությունից ու երբեք էլ չի խուսափել, սակայն նրա համար իր կյանքը ավելի կարևոր է:

Բատիկյանը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն Մայրապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որտեղ այն դեռևս չի քննվել: «Այդ քննությունից հետո կորոշենք՝ ինչ անել», փոխանցեց փաստաբանը:

Հիշեցնենք՝ մարտի 3-ին Սամվել Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: ՀՔԾ-ից հայտնել էին, որ Սամվել Մայրապետյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:

Մայրապետյանի համար անձնական երաշխավորություն ներկայացրած երկու հայտնի անձինք նախաքննական մարմնի դեպոզիտ հաշվին փոխանցել էին 15-ական միլիոն դրամ:

Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: Նրա նկատմամբ վարույթն սկսվել էր մեկ այլ գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդման հիման վրա, որի համաձայն, իքնը տարիներ առաջ Մայրապետյանին 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինը այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի էր առնվել նրա առողջական վիճակը:

Սամվել Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

  • Կիսվել: