երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ոստիկանությունում փաստաբաններին ծեծի ենթարկելու շարժառիթը նրանց մասնագիտական գործունեությունն է». մանրամասներ դեպքից

«Ոստիկանությունում փաստաբաններին ծեծի ենթարկելու շարժառիթը նրանց մասնագիտական գործունեությունն է». մանրամասներ դեպքից

Փաստաբաններին ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի ենթարկելու միջադեպի շարժառիթը փաստաբանների մասնագիտական գործունեությունն է: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց տուժած երկու փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի շահերը ներկայացնող Հրանտ Անանյանը:

«Սա ոչ թե մասնավոր դեպք է, այլ փաստաբանական ինստիտուտի դեմ քայլ է, որովհետեւ մարդկանց ծեծի են ենթարկել մասնագիտական պարտականությունները կատարելու կապակցությամբ: Որեւէ ձեւով ծանոթ չեն եղել նախկինում, առնչություն չեն ունեցել»,-ասաց նա, ապա ներկայացրեց դեպքի մանրամասները:

«Առերես հարցաքննության ընթացքում, որին մասնակցել են փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, անչափահաս վկան իր օրինական ներկայացուցչի եւ հոգեբանի մասնակցությամբ ցուցմունքներ է տվել իր հետ առերեսվող ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորի հետ այն մասին, թե ինչպես են իրենց նախորդ օրը, ուսանողներին բիրտ ուժի կիրառմամբ  բերման ենթարկել Էրեբունու բաժին եւ ինչպես են բաժնում խոշտանգել իրենց: Այդ թվում գլուխը ինչ-որ շորով ծածկել են, մի քանի հոգով ծեծի ենթարկել, գետնին պառկացրել, ոտքերը դրել իրենց վրա:

Այդ ցուցմունքի ժամանակ առերեսվող օպեր լիազորի մոտ, ըստ էության, լարվածություն է կուտակվել: Լարվածությունը հասել է գագաթնակետին, երբ անչափահաս ձերբակալվածի պաշտպանները հարցեր են ուղղել օպեր լիազորին դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտմանն ուղղված, ըստ էության, նաեւ օպեր լիազորին մերկացնելուն ուղղված: Այդ բոլոր հարցերը արձանագրվել են  քննչական գործողության արձանագրության մեջ, դրանք ամբողջովին կոկիկ են ու կոռեկտ:

Սակայն առերեսվող օպեր լիազորը էլ ավելի է տաքացել, լարվել: Քննչական գործողության ժամանակ դռան մուտքի մոտ հավաքված են եղել շուրջ 10 հոգի օպեր լիազորներ, որոնք այդտեղ չպետք է լինեին: Ըստ էության, փաստաբաններին վիրավորելը, նրանց նկատմամբ անհարգալից արտահայտություններ անելը, անունը մերթ ընդ մերթ անվանարկելը, այնուհետեւ մինչեւ տվյալ քննչական գործողության արձանագրությունը ստորագրելը, օպեր լիազորը նաեւ դուրս է եկել սենյակից եւ միջանցքից կրկին սկսել է տարբեր բնույթի վիրավորական, պատիվն ու արժանապատվությունը կսկածի տակ դնող արտահայտություններ անել Մարզպետ Ավագյանի հասցեին: Վերջինս պարզաբանում է պահանջել եւ ասել՝ իրար չենք ճանաչում, մասնագիտական բերումով եմ այստեղ, ինչն է խնդիրը: Այդ հարցադրումներին հետեւում է ագրեսիվ պատասխաններն ու հարձակումը Մարզպետ Ավագյանի վրա:

Էմանուել Անանյանը, որ մի քանի վայրկյան անց է դուրս եկել միջանցք, երբ արդեն Մարզպետ Ավագյանին շրջափակել եւ ձեռքերով ու ոտքերով հարվածել են, հորդորել է հանգստանալ բոլորին, ոլորել են ձեռքերն ու հարվածներ են հասցրել: Երբ ձեռքերը ոլորված վիճակում էեղել, հ առերեսմանը մասնակցած օպեր լիազորը, ինչպես նաեւ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական օպեր գծով տեղակալը նույնպես հայհոյել են Էմանուել Անանյանին, իսկ առերեսվողը ձեռքով հարվածել է Անանյանի գլխին: Սա տեւական ժամանակ շարունակվել է եւ դադարել է բացառապես ՔԿ քննիչների միջամտության արդյունքում»,-պատմեց փաստաբանը:

Նրա խոսքով, հետագայում գնացել են, փորձել են արդարանալ, իբր Մարզպետ Ավագյանն է իրեն բացասական վարքագիծ դրսևորել. «Նույն ոճի մեջ են փորձել ներկայացնել, ինչ ոճի մեջ  անչափահասներին էին բերման ենթարկել ոստիկանների  նկատմամբ բռնության գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով։  Այսինքն սցենարը նույնն է»,- ասաց փաստաբան Հրանտ Անանյանը։

Նա հայտնեց, որ փաստաբանները շարունակելու են անչափահաս ձերբակավածների շահերի պաշտպանությունը։

  • Կիսվել: