Հիմա «գրպանը գցելու» անհրաժեշտություն է առաջացել. Աբրահամյանը` պաշտոնանկությունների մասին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծում է, որ իշխանությունը երկրում տեղի ունեցող պաշտոնանկություններով փորձում է նոր դեմքով հանդես գալ։ Նա այդ մասին ասաց ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ։
«Պաշտոնանկությունների քայլն ավելի շատ դիտարկում եմ նախընտրական տրամաբանությունների ներքո։ Խոսքս ուղիղ առումով չի առնչվում նրան, որ հնարավոր է` 3, 4, կամ 5 ամիս հետո ընտրություններ լինեն, բայց իշխանությունը փորձում է փաթեթավորել բոլոր խնդիրները, որոնք տարիների ընթացքում կուտակվել են, և հանդես գալ նոր դեմքով։ Խորհրդանշական առումով այդ սափրման գործընթացը ևս այս արարի մի մասն է կազմում և համընկնումը պատահական չէ։ Հնարավոր է իմիջային առումով նրան որոշակի խորհուրդներ են տվել, որը նա իրացնում է»,– նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Ինչ վերաբերում է ուժային կամ արդարադատության բլոկներին, ապա, ըստ Աբրահամյանի, այս իշխանությունը բազմաթիվ խոստումներ է տվել, բայց հանրությունը լրիվ այլ բանի է ականատես եղել։ Այժմ էլ մեղքը տարբեր անձանց կամ համակարգերի «գրպանը գցելու» անհրաժեշտություն է առաջացել։
Հիշեցնենք, որ աշխատանքից ազատման դիմումներ արդեն իսկ գրել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը: