ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
«ՀՀ ԶՈՒ–ն դարձել է Հնդկաստանի գովազդային վահանակը». Պապիկյանը տեղից սկսեց վիճել Գեղամ Մանուկյանի հետ

«ՀՀ ԶՈՒ–ն դարձել է Հնդկաստանի գովազդային վահանակը». Պապիկյանը տեղից սկսեց վիճել Գեղամ Մանուկյանի հետ

Այս տարի որոշել եմ գործս թեթևացնել, բյուջեի նախագծի մասին խոսելիս անցնող տարիների մի թունդ ընդդիմադիրի ելույթներից եմ օգտվել, որ պատրաստեմ ելույթս: Այս մասին ԱԺ հերթական նիստին բյուջեի նախագծի քննարկմանը՝ մտքերի փոխանակության ժամանակ, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա սկսեց մեջբերել Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակահատվածում բյուջեի քննարկման ժամանակ հնչեցրած ելույթներից:

«Բյուջեի քննարկում, 2012 թ., 14 նոյեմբեր, ԱԺ, այս ամբիոն. պատմության մեջ առաջին անգամ 2013 թվականի բյուջեով արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ հատկացումները գերազանցել են 400 մլն դրամը, և նախատեսվում է այդ նպատակի համար հատկացնել 418 մլն դրամ: Խայտառակություն էր գնահատվում 2012 թվին, 1 մլն դոլար էր մոտավորապես: 2025 թվականի բյուջե՝ արտաքին պարտքի սպասարկման համար 1 մլրդ դոլար»,- նշեց նա:

Պատգամավորը շեշտեց, որ հիմա կառավարությունն ասում է՝ արտաքին պարտքը մեծացնելով՝ որևէ վտանգ չի սպառնում, կարող ենք մեծացնել:

«2015 թվական, Նիկոլ Փաշինյան, նոյեմբերի 4-ին,«ՀԺ»-ում մի հարապարակում եղավ, որ 5,6 մլն բնակչություն, շուրջ 120 մլրդ դոլարանոց բյուջե ունեցող Դանիայում ամբողջ պետական համակարգում կա ընդամենը 23 մեքենա, ու մինչ սահամանադրական փոփոխությունների «այո»-ի ու «ոչ»-ի ճակատները քննարկում են, թե Հայաստանն ինչպիսի պետություն պետք է լինի, крупный գործ անող տղերքը բոլորիս աչքի առաջ կառուցում են այսպիսի չնաշխարիկ պադավապետություն»»,- ամփոփեց մեջբերումը և ավելացրեց.

«Դանիայի խորհրդարանի նախագահը էդ ի՞նչ միամիտ մարդ է, չէ՞ որ իր ՊՊԾ-ին կարող էր ասել, ՊՊԾ-ն ասեր՝ խորհրդարանի նախագահը չի կարող ասել, թե քանի մեքենա առնեմ: Օրինակ ՝Ալեն Սիմոնյանն ասում է՝ ես ի՞նչ կապ ունեմ, երկու հատ ջիպ իմ BMW-ի հետևից գնում է: Էն օրը ՊՊԾ պետի տեղակալն ասում է՝ մենք ենք որոշում՝ ինչ մեքենա գնենք: Հայաստանում որևէ այլ պաշտոնյա իրավունք ունի՞ ասելու՝ ՊՊԾ, դու թանկ մեքենա մի՛ առ, չէ՛, չի՛ կարող»:

Հետո Մանուկյանը հիշեցրեց արագաչափերին վերաբերող Փաշինյանի ելույթներից և ներկայացրեց վիճակագրություն. «2016 թվականին ՀՀ ՃՏՊ-երի արդյունքում մահերը եղել են 267, 2023 թվականին զոհերի թիվը եղել է 378, արագաչափերը կան, ՆԳՆ-ն հպարտանում է՝ արագաչափերի որակը բարձրացնելու են, լրիվ ուրիշ արագաչափեր են բերելու: Տեսախցիկները կան, բարգավաճում են, թիվն աճում է, ժամանակին ասում էին՝ Սաշիկինն է, բայց դե լավ»:

Պատգամավորը խոսեց նաև ՊՆ-ի և ձեռքբերվող ռազմատեխնիկայի մասին: «Այդքան խոսում եմ, կռվում եմ ՊՆ պաշտոնյաների հետ, ռազմական ոլորտը, զենքի վաճառքը գաղտնիություն են պահանջում, ՀՀ ԶՈՒ-երն այսօր դարձել են Հնդկաստանի ռազմաարդյունաբերության գովազդային վահանակը: Երեկ ամբողջ հայկական մամուլը գրել է՝ այս ինչ հրթիռը ուղևորվել է Հայաստան, դրա համար անընդհատ ասում եք՝ լոգիստիկ խնդիր կա: Ասում եմ՝ պայմանագրի մեջ կետ ավելացրեք, որ գաղտնի լինի, բայց չէ, կարևոր է, որ հայ մարդը տանը նստած իմանա, որ Հնդկաստանից հրթիռը որ ելավ, չգիտեմ՝ ոնց է գալու, բայց ինքն ասի՝ վերջ»,- շեշտեց նա:

Մանուկյանի այս խոսքերից հետո ՔՊ-ական պատգամավորները սկսեցին տեղից խոսել, ինչի համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց նրանց:

«Մեկ րոպե լռություն, պարո՛ն Պապիկյան, հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերնե՛ր, չի կարելի տեղից խոսել, պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, և չի կարելի խանգարել, անկախ նրանից, թե ինչ է ասում, չի կարելի խանգարել»,- շեշտեց նա:

  • Կիսվել: