հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ վարչապետը ցավակցել է Լևոն Արոնյանի տիկնոջ մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետը ցավակցել է Լևոն Արոնյանի տիկնոջ մահվան կապակցությամբ

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսք է հղել գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից:

 

Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ ժողովրդի կողմից: Նա Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակ: Արիաննե Կաոիլիի մահը ցավալի կորուստ է բոլորիս համար, և նրա հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի սրտում:

Սիրելի Լևոն,

Իմ և Աննայի ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Արիաննե Կաոիլիի ընտանիքին և մերձավորներին»,- ասված է վարչապետի ցավակցական խոսքում:

 

  • Կիսվել: