հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ պետական սահմանը պահպանվել է․ Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզի վերաբերյալ

ՀՀ պետական սահմանը պահպանվել է․ Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզի վերաբերյալ

Սահմանագծի փոփոխությունից հետո Գեղարքունիքում կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները շատ բարդ են, և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել: Հիմա եղանակային պայմանները փոխվել են, տեղակայման պրոցես են անում։ Այսօր Կառավարության նիստից առաջ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Հայաստանի պետական սահմանը պահպանվել է, մեկ-երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որը մերոնք պնդում էին՝ պետք է այդ հատվածից ներս նստեն, ինչն ընթացքում կարգավորվեց: Երեկ ես եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ այն հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են, և մեր զինված ուժերը աշխատում է, քարտեզները կան, սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»,- նշեց Սանոսյանը։

Մարզպետը վստահեցրեց, որ մարզում այս պահին սահմանների հետ կապված խնդիր չկա, իրավիճակը Սյունիքի հետ համեմատելի չէ, իսկ բնակիչների անհանգստությունը, ըստ մարզպետի, ավելի շատ տարածվող կեղծ լուրերի հետևանք է։

Հարցին, թե բնակիչներին կարո՞ղ է ասել, որ վիճակն անվտանգ է, լարվածություն, ագրեսիա չկան, Սանոսյանը պատասխանեց. «Բնակիչները տեսել են, որ վիճակը հանգիստ է, երեկ բնակիչներից շատ մարդ կար մեզ հետ, այնտեղ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ուղղակի բանակցում են իրար հետ, սահմանագիծը ճշգրտում են»:

Հարցին էլ, թե Սոթքի ոսկու հանքում ի՞նչ վիճակ է, հանքն աշխատո՞ւմ է, աշխատակիցների շրջանում կրճատումներ եղա՞ն, Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ հանքն աշխատում է, մոտ 280 աշխատող է կրճատվել։ 

  • Կիսվել: