կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ նախագահը ստորագրել է Վահան Քերոբյանին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ նախագահը ստորագրել է Վահան Քերոբյանին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահան Քերոբյանին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման հրամանագիրը.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ազատել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որում ասվում էր․  «Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։

Այս 3-ից ավելի տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։

2020 թ. համեմատ 2023թ Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50%-ով։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112-րդ տեղից բարձրացել է 86րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5 մլրդ դրամից աճել են 91մլրդ դրամի` 2024թ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանին արտաքին առևտրաշրջանառությունը։

Երբ 2020 թ. նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։

Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար»,- գրել է նա։
 

  • Կիսվել: