շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ն վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը. Փաշինյանը՝ ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին

ՀՀ-ն վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը. Փաշինյանը՝ ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին

Մարդկանց միջև շփումներն առավել ինտենսիվ դարձնելու նպատակով, իհարկե, անհրաժեշտ է, որ օր առաջ հաջողությամբ պսակվեն ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունները։ Հայաստանը վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Kathimerini օրաթերթին տված հարցազրույցի շրջանակում:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ կապերն ամրապնդող կարևոր գործոն են ինչպես Հունաստանում բնակվող հայկական համայնքը, այնպես էլ Հայաստանում բնակվող հունական համայնքը:

՛՛Կարևոր է, որ առկա պատմական ամուր կապերն ամրապնդվեն հայ և հույն երիտասարդ սերունդների շփումներով, և պիտի քայլեր ձեռնարկենք փոխադարձ ճանաչման հնարավորություններ ստեղծելու համար: Այս առումով կցանկանայի առանձնացնել ինչպես զբոսաշրջության, որը թերևս լավագույն հնարավորությունն է մարդկանց միջև կապերն ամրապնդելու համար, այնպես էլ գիտակրթական համատեղ ծրագրերի նշանակությունը: Առաջիկայում նախատեսվում է ստորագրել կրթական ոլորտի երկկողմ համագործակցության նոր ծրագիրը, որն ուսանողադասախոսական կազմի փոխանակումների նոր հնարավորություններ կընձեռի: Առաջիկայում նախատեսվում են գիտական, մշակութային ոլորտի մի շարք այլ համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանը:

Մարդկանց միջև շփումներն առավել ինտենսիվ դարձնելու նպատակով, իհարկե, անհրաժեշտ է, որ օր առաջ հաջողությամբ պսակվեն ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունները։ Հայաստանը վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը՛՛,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է նաև, որ Հայաստանն իր զարգացումը տեսնում է ժողովրդավարական հաստատությունների կայացման միջոցով:

՛՛Մենք ձգտում ենք զարգացնել նաև համագործակցությունը եվրոպական կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության հետ: Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է Հունաստանի փորձառությունը, ինչպես նաև օժանդակությունը՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: