կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորը. Առաքելյան

ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորը. Առաքելյան

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը մինչև «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը ներկայացնելը, անդրադարձավ Արցախի համար Հայաստանի Կառավարության իրականացրած ծրագրերին:

«Ես վստահեցնում եմ, որ հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա»,- ասաց նախարար Առաքելյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի քննադատություններին, թե Արցախի Հանրապետությունն այս պահին ունի սոցիալական խնդիրներ, և հետպատերազմական շրջանում ՀՀ Կառավարության կողմից չեն իրականացվել համապատասխան միջոցառումներ:

«Նոյեմբերի 10-ին Արցախում մնացել էր ընդամենը մի քանի հարյուր արցախցի, իսկ այսօր Արցախի բնակչության թիվը ավելի է, քան 100 հազարը: Այսօր Արցախ են վերադարձել բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն այնտեղ մշտական բնակության վայրեր, և նաև կորցրած տարածքների բնակչությունից 5 հազարից ավելի քաղաքացի նույնպես իր բնակությունն այս պահին շարունակում է անցկացնել Արցախում: Պատերազմից հետո ամբողջովին ավերված էին բոլոր ենթակառուցվածքները: Այս պահին Արցախում ամբողջովին վերականգնված են գազամատակարարումը, էլեկտրամատակարարունը, կապը գրեթե ամբողջովին վերականգնված է: Կապի օպերատորներից մեկը նաև Արցախի տարածքում ապահովում է հայկական տիրույթի ծառայություններ: Այսինքն՝ առանց ռոումինգի կապ է ապահովված նաև Արցախում: Սոցիալական ծրագրերի մասով Կառավարությունը ուղղակի ֆինանսավորմամաբ ավելի քան 15 միլիարդի աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը, որն ավելին է, քան Հայաստանում գործող որևէ սոցիալական աջակցություն ամսական և այս ամիսների համար այդ աջակցությունները լիրովին հնարավորություն են տալիս արցախցիներին հոգալ իրենց խնդիրները»,- ասաց Առաքելյանը:

 
 

  • Կիսվել: