շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ-ն չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ, կան պարտավորություններ, պետք է կատարվեն. ԱԺ նախագահ

ՀՀ-ն չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ, կան պարտավորություններ, պետք է կատարվեն. ԱԺ նախագահ

Հայաստանը չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանի իշխանությունները փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:

«Հայաստանը ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր երկրի սահմանների հետ կապված պարտավորությունները կատարվեն: Եվ դրա համար Հայաստանը անելու է ամեն ինչ: Այստեղ էմոցիա չկա, սիրել-չսիրելու հարց չկա: Կան պարտավորություններ, և այդ պարտավորությունների կատարմանը հետամուտ ենք լինելու և փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով մեր տղաների կյանքը, մեր սահմանները պաշտպանել»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է քաղաքական կուրսի փոփոխություն, դրա մասին են վկայում ռուսական լրատվամիջոցները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Կներեք, կարող է ռուսական կողմն է ուզում քաղաքական կուրսի փոփոխություն անել, որովհետև Հայաստանը ոչինչ չի արել այդ ուղղությամբ: Հեղափոխությունից հետո ասում էին ռուսական  ռազմաբազայի դուրսբերման, ՀԱՊԿ-ից դուրս գալու  և այլնի մասին: Միանշանակ հայտարարություն է արվել դրա հետ կապված: Նման կարիք, նման բան չկա: Փաստ է, չէ՞, տեսնում ենք, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից: Եթե ՀԱՊԿ-ը դուրս է եկել, մեզ պետք է դրա մասին տեղյակ պահել կամ ասել, որ մենք կարողանանք մեր սահմանները ինչ-որ այլ մեխանիզմներով պաշտպանել»,- ընդգծեց Սիմոնյանը:
 

Ինչ վերաբերում է տարբեր փորձագետների պնդումներին, թե Հայաստանն ուզում է իր կողմնորոշումը դեպի Արեւմուտք փոխել, Ալեն Սիմոնյանն ասաց. «Հայաստանի անվտանգությունը միասնական անվտանգային համակարգի մեջ է: Հիմա մեզ մեղադրել, որ փորձում ենք Հայաստանն անվտանգ պահել, այն պարագայում, որ այս կողմում մենք եւ մեր քաղաքացիները այնքան էլ բավարարված չենք, եւ դա վերագրել կուրսի փոփոխմանը, ես արդա ր ու ազնիվ չեմ համարում: Եկեք հիշենք, թե 100 տարի ո՞նց եղավ, այդ ոնց թուրքերը որոշեցին հայերին կոտորել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մենք մենակ մնացինք մեր հարեւան Թուրքիայի հետ եւ մեզ որոշեցին կոտորել, որովհետեւ մենք ի՞նչ էինք անում... Դրա համար ես ասում եմ՝ մենք պետք է մեր գոյությունը պահպանենք: Ասել՝ գիտեք ինչ, ես մահանում եմ, բայց ես մինչեւ վերջ քեզ հավատարիմ եմ մնալու՝ անկախ նրանից, թե դու ինձ կպաշտպանես, թե չես պաշտպանի, ես դրան պատրաստ չեմ»:

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ կարող է մեկ տասնյակ օրինակ բերել, երբ ականատես են եղել, որ գերադասվել է Ադրբեջանի շահը, իսկ Հայաստանը մինչեւ վերջ կռիվ է տվել եւ ամեն հնարավոր ձեւով կանգնեցրել է Ադրբեջանին:

Հարցին, թե Ռուսաստանի կողմից կա՞ չեզոքություն, թե՞Մոսկվան ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ռուսաստանն ասում է, որ Ադրբեջանը նույնպես դաշնակից է, բայց ես համարում եմ, որ դա ճշմարտություն չէ, Ադրբեջանի իշխանությունները ռուս գործընկերներին, մեղմ ասած, խաբում են, ստում են բոլոր հնարավոր ձեւերով:

Դրսում միջազգային հանդիպումներում Ադրբեջանի ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով մեզ մեղադրում են ռուսամետ լինելու մեջ, իսկ Մոսկվայում Ադրբեջանի ղեկավարը եւ ներկայացուցիչները մեզ մեղադրում են եվրոպամետ եւ ամերիկամետ լինելու մեջ: Դա ադրբեջանական աշխատելու ոճ է: Իսկ մենք բաց ենք, ազնիվ ենք մեր բոլոր գործընկերների հետ, ամեն տեղ ասում ենք նույնը»:

Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի պնդմանը, թե Կրեմլն ուզում է միջանցքը տալ, ԱԺ նախագահն ասաց. «Կան տարբեր մեկնաբանություններ, որովհետեւ գործընթացն ավարտին հասցված չէ: Կա նոյեմբերի 9-ի հայտարարություն, որը շատ կարեւոր է Հայաստանի համար: Այնտեղ կան շատ դրական կետեր, օրինակ ԼՂ հակամարտության, Լաչինի միջանցքի գոյությունը, որեւէ այլ միջանցքի բացակայությունը:

Ինչ վերաբերում է չեզոքությանը, կա պրոցես, որի ընթացքում մի քայլ առաջ է լինում, մի քայլ հետ է լինում: Ընդհանուր գնահատականը կունենանք այն ժամանակ, երբ կտեսնենք, թե գալիս նիստում ինչ կարձանագրեն ՀԱՊԿ երկրները, երբ կտեսնենք իրավիճակի հասցեական գնահատում: Մենք ականատես եղանք, որ որոշ մեր գործընկերներ Ադրբեջանի ներխուժումը Հայաստան անվանեցին սահմանային միջադեպ: Ոչ, ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները գոյություն ունեն եւ ես կոչ եմ անում մեր գործընկերներին ՀՀ-ին աշխարհաքաղաքական երեւէջների, շրջադարձների մեջ մեղադրելուց առաջ իրենց հարց տան՝ արդյոք իրենք ամեն ինչ ճիշտ են անում եւ կարո՞ղ է հենց այդ աշխարհաքաղաքական շրջադարձը հենց իրենց կողմից լատենտ ցանկություն է»:

  • Կիսվել: