երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
ՀՀ-ն չի կարող կրավորական մոտեցում ցուցաբերել. պատգամավորը` Լաչինի միջանցքը փակելու մասին

ՀՀ-ն չի կարող կրավորական մոտեցում ցուցաբերել. պատգամավորը` Լաչինի միջանցքը փակելու մասին

Արցախը պահելու համար Հայաստանը չի կարող նման կրավորական մոտեցում ցուցաբերել, կարծես խոսքը գնում է Կոնգոյի հանրապետությանը, այլ ոչ թե Արցախի մասին։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքը փակելուն։
 
«Ասում են` տերովին տերն ա տարել, անտերին` գելը։ Չենք կարող մենք մեր հայրենակիցներին թողել անտեր, միայնակ Ադրբեջանի դեմ։ Հայաստանը միշտ ունեցել է հանձնառությունը հանդես գալու Արցախի անվտանգության երաշխավոր, և այդ հանձնառությունը որևէ մեկը ՀՀ–ի ուսերից չի վերցրել»,– նշեց պատգամավորը։
 
Արթուր Խաչատրյանի գնահատականով` այս դեպքը հերթական փորձն է քաղաքական, ռազմական, բարոյական, հոգեբանական ճնշում գործադրելու Արցախի ժողովրդի վրա։
«Իրենք ուզում են, որ Արցախի ժողովուրդը համակերպվի պարտության հետ, բայց կարծում եմ` իրենք արցախցիներին լավ չեն ճանաչում, երևի 30 տարվա պատմությունն իրենց այդքան էլ դաս չի եղել»,– հայտարարեց նա։
 
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` պաշտոնական Հայաստանը ոչինչ չի անում նման դեպքերը կանխելու համար։ Նա համոզված է, որ ՀՀ–ն նման առաջին իսկ դեպքի ժամանակ պետք է դիմեր միջազգային հանրությանը, և այդ դեպքում նման դեպք այլևս չէր կրկնվի։
Նշենք, որ այսօր առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

  • Կիսվել: