շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կուբան մեզ համար հետաքրքիր և առանձնահատուկ երկիր է. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Կուբայի նոր դեսպանին

Կուբան մեզ համար հետաքրքիր և առանձնահատուկ երկիր է. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Կուբայի նոր դեսպանին

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Կուբայի նորանշանակ դեսպան Օսկար Սանտանա Լեոնին:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արթուր Մարտիրոսյանը ողջունել է Օսկար Սանտանա Լեոնին և շնորհավորել ՀՀ-ում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է հայ-կուբայական հարաբերությունների զարգացումն ու հույս հայտնել, որ դեսպանի նշանակումը կնպաստի դրան:

«Կուբան մեզ համար հետաքրքիր և առանձնահատուկ երկիր է: Ուրախ կլինենք նպաստել մեր երկրների միջև համագործակցության զարգացմանը. դրա համար ունենք բոլոր նախադրյալները»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ կարևորելով ԿԳՄՍՆ համակարգման ոլորտների շրջանակում երկկողմ հուշագրերի կնքումը:

Նախարարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ Կուբայի Հանրապետության մշակույթի նախարարության հետ մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծը փոխհամաձայնեցման փուլում է:

Դեսպան Օսկար Սանտանա Լեոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու ուղղությամբ մեծ աշխատանք կա կատարելու.

«Մեր երկրները փոքր են, աշխարհագրական հեռավորությունը մեծ է, բայց երկար տարիներ մենք կարողացել ենք պահպանել բարեկամական հարաբերությունները: Կարծում եմ՝ ունենք բոլոր հիմքերը տարբեր ուղղություններով փոխհամագործակցությունը խորացնելու համար»:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կուբայի միջև բուհական ուսումնական հաստատությունների միջև երկխոսությունը և համագործակցությունը զարգացնելու հեռանկարները: ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է զարգացնել միջբուհական համագործակցությունը՝ ուսանողների, դասախոսների և երիտասարդ գիտնականների փոխանակման և համատեղ հետազոտական համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Կողմերը խրախուսել  են նաև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցությունը՝ գեղարվեստական խմբերի փոխանակման, ցուցահանդեսների և մշակույթի օրերի կազմակերպման միջոցով:

Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հեռանակարներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն այսօր քայլեր է ձեռնարկում համաշխարհային սպորտային քարտեզում իր տեղն ամրապնդելու համար: Այդ նպատակով Հայաստանում անցկացվում են մի շարք մարզական խոշոր միջոցառումներ, որոնց կուբացի մարզիկների մասնակցությունը ևս խրախուսվում է: Քննարկվել է նաև համատեղ ուսումնամարզական հավաքների և մարզումների կազմակերպման հնարավորությունը տարբեր մարզաձևերում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

  • Կիսվել: