ՀՀ իշխանության թուլությունն ու անատամությունը կարող են երկիրը տանել նոր բացասական հետևանքների. Արա Աբրահամյան
Չորս տարի առաջ Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հայտարարության ստորագրմամբ կասեցվեց 44-օրյա պատերազմը, որի հետևանքները, որոնք հանգեցրին Արցախի հայաթափմանը, համեմատելի են Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Պատերազմը, զոհերը, տարածքների և ազգային շահերի հանձնումը, պատմական խորհրդանիշների և հոգևոր արժեքների ոտնահարումը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու քաղաքականությունը և շատ այլ բաներ, որոնք այսօր տեղի են ունենում մեր աչքի առաջ, առաջին հերթին Հայաստանը դեռևս կառավարող, այսպես կոչված, ՛՛թավշյա իշխանությունների՛՛ գործողությունների արդյունքն են, որոնք հենված են հայկական էլիտաների անտարբերության և անջատողականության վրա։
Համաշխարհային ուժերի գլոբալ դիմակայության ֆոնին հայ իշխանավորների թուլությունն ու անատամությունը կարող են երկիրը տանել նոր բացասական հետևանքների՝ ապագայում ոմանց համար մի քանի անգամ դժվարացնելով նոր Հայաստանի ուրվագծերի ձևավորումը։
Այնուամենայնիվ, անդառնալիության սահմանը դեռ չի հատվել: Համոզված եմ, որ ազդեցիկ ու հայրենասեր ուժերի կողմից այն վտանգների ու սպառնալիքների գիտակցումը, որոնց բախվելու է յուրաքանչյուր հայ՝ անկախ բնակության վայրից, ի զորու է համախմբել համահայկական ներուժը և ոչ միայն պահպանել ու հզորացնել Հայաստանի պետականությունը, այլև վերադարձնել կորցրած բոլոր դիրքերը:
Միակ բանը, որ մենք չենք կարող վերադարձնել, հայրենիքի համար նահատակված տասնյակ հազարավոր քաջերի կյանքն է։ Մենք հիշում ենք բոլորին և յուրաքանչյուրին, և նրանց հոգիները չեն հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ արդարությունը չի վերականգնվել՛՛,-նշել է նա: