ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ և Կուբայի ԱԳ նախարարները կարևորեցին տարբեր մակարդակներով երկխոսության ակտիվացումը

ՀՀ և Կուբայի ԱԳ նախարարները կարևորեցին տարբեր մակարդակներով երկխոսության ակտիվացումը

Փետրվարի 26-ի Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց  Կուբայի ԱԳ նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլլային:

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Մնացականյանը նշեց, որ չնայած առկա աշխարհագրական հեռավորությանը՝  Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս ամենատարբեր ոլորտներում Կուբայի հետ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ հայ-կուբայական  համագործակցության ընդլայնմանն ուղղված բոլոր ջանքերը վայելում են հայկական կողմի լիակատար աջակցությունը:

Արտգործնախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական ջանքեր ներդնել երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ: Երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներով երկխոսության ակտիվացումը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը՝ որպես տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ուղենշման հարթակ:

Նախարարներ Մնացականյանը և Պարիլլան դրական գնահատեցին միջազգային հարթակներում Հայաստանի և Կուբայի միջև ձևավորված համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ աջակցության և վստահության վրա:

Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: