երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը՝ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը՝ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների գործունեության համար:

Նշենք, որ այսօր նախարար Արարատ Միրզոյանն Ավստրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Արցախում միջազգային կազմակերպությունների աշխատանքին: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել էր, որ Ադրբեջանը նույնիսկ ԿԽՄԿ-ին` մարդասիրական կազմակերպությանը, «ստիպում է տեղավորվել իր թելադրած քաղաքականության մեջ»:

Մասնավորապես՝ հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ՝ Լեյլա Աբդուլաևան՝ նշելով, թե, իբր, Ադրբեջանի փոխշահավետ հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ հաջողությամբ են զարգանում։

«Հայտնի է, որ մեր երկիրն ակտիվորեն մասնակից է միջազգային բազմակողմ հարթակներին՝ ներառյալ մի շարք կազմակերպություններում հաջող նախագահության փորձերը»,-ասել է նա և հավելել.

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ապա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի բանաձևի համաձայն՝ կապված մարդասիրական օգնության համակարգման հետ, նման գործունեությունը պետք է իրականացվի պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգանքի սկզբունքով։ Հենց այս սկզբունքով էլ միջազգային կազմակերպությունների գործունեությունն իրականացվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Տեղեկացնում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարին, որ ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը մեր երկրի ինքնիշխան հողերում հանդիսանում է համապատասխան միջազգային կազմակերպության և Ադրբեջանի երկկողմանի խնդիր, երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանությունները այս առնչությամբ տեղին չեն և անհիմն»:

 

  • Կիսվել: