ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերլուծել է տնտեսական տարին և հանդես եկել կանխատեսումներով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերլուծել է տնտեսական տարին և հանդես եկել կանխատեսումներով

Չնայած նրան, որ ՀՀ նոր իշխանությունները խոսում էին հումքային բաղադրիչի կրճատման, բարձր արտադրողական գյուղատնտեսություն զարգացնելու, շինարարությունը խթանելու, գիտատար արտահանման կողմնորոշում ունեցող ճյուղերը ու թվային տնտեսությունը զարգացնելու մտադրության մասին, նախորդ տարի տեղի է ունեցել հակառակը։ Այս մասին «Երևան» ՔԿ-ից “Yerevan today” կայքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Թոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ նա այս մասին խոսել է վերջին հարցազրույցներից մեկում։

Ըստ նրա տնտեսության ընդհանուր ծավալում հանքաարդյունաբերության մասնաբաժինն աճել է, գյուղատնտեսության մասնաբաժինը՝ նվազել, ներկրման և արտահանման տարբերությունն աճել է, առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է՝ բացառապես խաղային բիզնեսի և սպառողական վարկավորման, այլ ոչ թե «նոր տնտեսության» հաշվին: «Վարչապետի խոստացած շինարարական բումն այդպես էլ չսկսված՝ ավարտվեց. ոլորտն ավելի փոքր տեմպերով աճեց, քան տնտեսությունն ընդհանուր առմամբ։ Բյուջեի ծախսային մասը խիստ թերակատարվել է կապիտալ ծախսերի մասով։ Պետական պարտքն աճել է, ՀՀ-ից մարդկանց արտահոսքը՝ շարունակվել»,- թվարկեց նա՝ հավալելով, որ այսքանից հետո չի հասկանում, ինչով է պայմանավորված վարչապետի «հրճվանքը» տնտեսության վիճակից:

Այսպիսով, նշեց Քոչարյանը, տնտեսության կառուցվածքը նախորդ տարվա ընթացքում փոխվել է վարչապետի ծրագրերին ի հակառակ։ «Նախանշված նպատակների և փաստացի արդյունքների իրարամերժ զարգացումը խոսում է կառավարության մոտ տնտեսական քաղաքականության, կառավարման հմտությունների և նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով կանխատեսելու ունակության բացակայության մասին: Երկրի տնտեսության կառուցվածքը ձևավորում էր պղնձի գները և տոտալիզատորը, այլ ոչ թե՝ կառավարության ծրագրերը։ Սա նախարարների և գերատեսչությունների ղեկավարների մեծամասնության մասնագիտական տարրական անպիտանության արտացոլումն է»,- հավաստեց երկրորդ նախագահը։

Միևնույն ժամանակ նա չժխտեց, որ տնտեսությունն իսկապես աճել է, բայց տնտեսագետների մեծամասնության գնահատմամբ՝ ամենևին ոչ 7,5% - ով: Ըստ Հ. Բագրատյանի՝ աճը կազմել է 3,5 տոկոս, ինչն ավելի նման է ճշմարտությանը։ «Վիճակագրությունը կասկածի առիթ է տալիս, քանի որ տնտեսության աճը գործնականում չի ազդել երկրի քաղաքացիների մեծամասնության կենսամակարդակի վրա: Բացի դա, տրանսպորտային փոխադրումների և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը տնտեսական աճի տրամաբանության հետ չի խոսում»,- բացատրեց Քոչարյանը։

Նա հավելեց, որ վիճակագրության դեֆորմացիան տեղի է ունենում նաև տնտեսության մեջ հսկայական «փուչիկի» պատճառով, որն առաջացել է թաքնված վերաարտահանման նպատակով ավտոմեքենաների ներմուծման հետևանքով՝ պայմանավորված ԵԱՏՄ երկրների հետ հարկման տարբերությամբ։ «Ներքին շուկայի պահանջարկը շուրջ 30 հազար է, իսկ նախորդ տարի երկիր է ներկրվել 189 հազար ավտոմեքենա։ Դա ուռճացրել է տնտեսության բազային ցուցանիշները, ինչը թույլ չի տալիս օբյեկտիվորեն գնահատել իրական վիճակը: Այդ իսկ պատճառով, առևտրի և ծառայությունների ծավալների թվերը լուրջ վերաիմաստավորման կարիք ունեն: Ակնհայտ է, որ սպառողական վարկերի պորտֆելի կտրուկ աճը մեծապես պայմանավորված է հենց այդ գործոնով։ Դրանով է բացատրվում նաև հարկային մուտքերի գերակատարումը։ Տնտեսության իրական պատկերը հասկանալու համար պետք է հաշվարկել ավտոմեքենաների ներմուծման ազդեցությունը ՀՆԱ-ի ձևավորման վրա՝ հաշվի առնելով դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը։ Ավելին, հավանական է, որ նման բան տեղի է ունեցել մի շարք այլ ապրանքատեսակների մասով, որտեղ հարկման տարբերությունը նույնպես ձևավորել է բիզնեսի սպեկուլյատիվ մոտիվացիա: «Հանրապետական» անցյալից նոր իշխանությունների համար այս յուրօրինակ «բոնուս-նվերը» վերջացավ, թեև դեռ որոշակի իներցիա կլինի ընթացիկ տարվա առաջին ամիսներին։ Արդյունքում լավ է, որ տնտեսությունը, այնուամենայնիվ, աճել է, բայց հիացմունքի առիթ չկա»,- բացատրեց երկրորդ նախագահը։

Նա հավելեց, որ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվում է ՀՆԱ-ի աճ՝ ընդամենը 4,9%-ով։ «Համաշխարհային տնտեսության՝ 3,5 տոկոս աճի կանխատեսումների պարագայում նման բյուջեով իշխանությունները պետք է ամաչեն մարդկանց աչքին երևալ։ Հատկապես՝ տնտեսության «թռիչքային» աճի մասին խոստումներից հետո: Տարին հեշտ չի լինի, խնայված և ներգրավված գումարները կուղղվեն արտաքին տպավորիչ պարտքի գագաթնակետի սպասարկմանը, ուստի ստիպված կլինեն լրացուցիչ միջոցներ ներգրավել: Ներդրումներ չեն լինի, մինչև հեղափոխությունը չդադարի լինել «նոր» Հայաստանի բրենդը, մինչև չվերականգնվի վստահությունը բանկային գաղտնիքի նկատմամբ, չդադարեն արտադատական շորթումները բիզնեսից, չդադարեն սեփականության վերաբաշխման մասին խոսակցությունները, և չփոխվի երկրում տոտալ ատելության մթնոլորտը։ Եկամտահարկի հարթ սանդղակը կմեծացնի աղքատների և հարուստների միջև տարբերությունը, ինչը կհանգեցնի սոցիալական լարվածության աճին: Լավագույն դեպքում մեզ սպասվում է տեղում դոփելու տարի»,- կանխատեսեց երկրորդ նախագահը:

 

  • Կիսվել: