երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
«Ուժեղ Հայաստան»-ի «հանրապետական» թևի պատգամավորներն աչքի են ընկնում բարոյականության բավականին ցածր մակարդակով. Ռուբինյան

«Ուժեղ Հայաստան»-ի «հանրապետական» թևի պատգամավորներն աչքի են ընկնում բարոյականության բավականին ցածր մակարդակով. Ռուբինյան

Եթե ես կողմնապահություն անեի, վստահեցնում եմ, ընդդիմության հետ այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր: Ես կողմնապահություն չեմ արել, և դրա համար այդ միջադեպը չի ստացել այն շարունակությունը, որ կարող էր ստանալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում վիճաբանություն և հրմշտոց էր տեղի ունեցել, երբ ամբիոնին մոտեցել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, որն իր ելույթը սկսել էր այսպես. «ԱԺ նախագահի ընտրության հարցը օրակարգում չունենալն արդեն դառնում է շատ վտանգավոր Ազգային ժողովի բնականոն գործունեության համար, և, ցավոք սրտի, այն օրակարգում ընդգրկված չէ»:

Դրանից հետո ԱԺ նախագահը հորդորել էր նրան խոսել օրակարգից, ապա անջատել էր խոսափողը: Ղազարյանը հակադարձել էր՝ պնդելով, թե Ռուբինյանը չի կարող կամակորություն անել, և պահանջել էր վերականգնել իր 2 րոպեն:

Դրանից հետո ԱԺ-ում վիճաբանություն էր սկսվել, պատգամավորները սկսել էին հրմշտել և քաշքշել միմյանց:

«Ընդհանուր առմամբ, բնականաբար, ես շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը, բայց պետք է ասեմ, որ, ցավոք, տեղի ունեցածը արդյունք էր այն բանի, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ նպատակաուղղված անընդհատ սադրում էին իրավիճակը, և նրանք հիմնականում «Ուժեղ Հայաստան»-ի հանրապետական թևը ներկայացնող պատգամավորներն են, որոնք աչքի են ընկնում բարոյականության բավականին ցածր մակարդակով, և դա արտահայտվում է նիստերի դահլիճում:

Չեմ կարող ասել՝ դա նպատակաուղղված է արվում, այսինքն՝ ամբողջ խմբակցության կողմից, թե խմբակցությունը բավարար թույլ է, որպեսզի դա տեղի ունենա, բայց ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք»,- ասաց ԱԺ նախագահը:

Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարություններին, թե դրանով շեղվում է ուշադրությունը կարևոր՝ օրակարգային հարցերից, Ռուբինյանը խորհուրդ տվեց նիստի սկիզբը դիտել և տեսնել, թե այդ ինչ կարևոր, օրակարգային հարցերից էին խոսում ընդդիմադիրները:

  • Կիսվել: