Ադրբեջանը, ի հակասություն եռակողմ հայտարարության, չի կատարում ռազմագերիներին վերադարձնելու իր պարտավորությունը. ՀՀ ԱԺ նախագահը` իրաքցի խորհրդարանականներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյզի գլխավորությամբ:
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ քաղաքական լուրջ երկխոսություն է կայանում, նկատվում է նաեւ ակտիվացում երկու երկրների տնտեսական հարաբերություններում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շիրկո Միրուեյզը բարձր է գնահատել հայկական կողմից Իրաքի վերաբերյալ հարցերում դիրքորոշման եւ միջազգային հարթակներում տրամադրած աջակցության համար:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման շրջանակներում կարեւորագույն դեր ունեն տարբեր ոլորտներում համագործակցության մասին հուշագրերը, ինչի իրականացմանը վերահսկելու գործում խորհրդարանը կարեւոր դեր ունի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր: Երկուստեք ընդգծվեց, որ իրաքցի խորհրդարանականների այցը կարող է լավ լիցք հանդիսանալ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման գործում: