շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հելեն Ֆեյզիի և Ժոնաթան Լաքոտի հետ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հելեն Ֆեյզիի և Ժոնաթան Լաքոտի հետ

Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի և Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Կողմերը քննարկել են հետպատերազմական իրավիճակին, մասնավորապես արցախահայության կարիքները հոգալուն և մարդասիրական հնարավոր աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր:

Զրուցակիցները կարևորել են Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում դրանց բարձրաձայնումը: Հյուրերը նշյալ հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց մտահոգությունը և աջակցության պատրաստակամությունը:

Հանդիպումներին անդրադարձ է կատարվել պատերազմի ընթացքում մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտումների դեպքերին: Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իրենք պատրաստակամ են աջակցել և ակտիվ ներգրավվածություն ունենալ այդ հարցում:

Հանդիպումների ավարտին կարևորվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:

 

  • Կիսվել: