երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Նախիջևան տանող ճանապարհի մասին Ալիևի հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Նախիջևան տանող ճանապարհի մասին Ալիևի հայտարարությունը

 ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Երևանը պետք է Մեղրիով անարգել հաղորդակցություն ապահովի Ադրբեջանից Նախիջևան գնալու համար։
 
Հայտնել ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում փաստացի բաց տեքստով պահանջել էր Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք՝ ասելով, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանի հետ սահմանը չի բացվի:
 
«ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ներկայացվել են բոլոր այն տնտեսական կապուղիները, որոնք հայկական կողմն առաջարկում է վերականգնել կամ ստեղծել»,–ասված է ՀՀ ԱԳՆ պատասխանի մեջ:
 
ԱԳՆ-ից հիշեցնում են նաև հունվարի 13-ին Գավառում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը այդ օրը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային տարբերակներով Նախիջանի հետ կապ տրամադրել Ադրբեջանին` ինչպես դա անում է Իրանը։

Վարչապետը նշել էր նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաները պետք է բացվեն միայն այն դեպքում, եթե դրանից հետո կասկածի տակ չդրվեն, երկրների սուվերենությունն ու ինքնիշխանւթյունը։

  • Կիսվել: