ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Անդրանիկ Քոչարյանի` Թուրքիայի հետ երկխոսելու մասին հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Անդրանիկ Քոչարյանի` Թուրքիայի հետ երկխոսելու մասին հայտարարությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի համար մեկնաբանել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի` Թուրքիայի հետ երկխոսության անհրաժեշտության մասին հայտարարությունը։

Ավելի վաղ Քոչարյանը լրագրողներին ասել էր. «Թուրքիայի հետ պետք է խոսել։ Առաջին պատերազմի ընթացքում էլ Թուրքիան խոսում էր Հայաստանի իշխանությունների հետ։ Նույնիսկ Տեր–Պետրոսյանը գնաց Օզալի թաղմանը, ես լինելով Մեղրիի պարետ, խոսում էի Նախիջեւանի ներքին գործերի նախարարի հետ, պատերազմում էինք եւ խոսում։ Բա պիտի խոսենք, բա ում հետ խոսենք, Թուրքիայի հետ պիտի խոսենք, եթե մենք չխոսենք, մեր փոխարեն ուրիշը կխոսի։ Ինչ–որ պահերի խոսակցություն եղել է, նույնիսկ Սերժ Սարգսյանը ֆուտբոլ էր խաղում, դա էլ է նորմալ, պետք է խոսել։ Խոսելն ավելի լավ է, քան կրակելը»։

«Մենք հարգանքով ենք մոտենում ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորների անձնական կարծիքին, միևնույն ժամանակ կուզենայինք ընդգծել, որ նման բովանդակությամբ հարցի առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը արդեն իսկ ներկայացրել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մարտի 29-ի նիստի ժամանակ»,– Sputnik Արմենիային ասաց ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Մարտի 29-ին կայացած խորհրդարանական հանձնաժողովի նիստում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը հնչեցնում են վարչապետն ու արտգործնախարարը: Նա ընդգծել էր, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը բոլորից լավ է գիտակցում խաղաղության գինը: Անկախությունից ի վեր Հայաստանը հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տարբեր նախաձեռնություններով։ Վերջին գործընթացը` «ֆուտբոլային դիվանագիտությունը», տապալեց Թուրքիան։

  • Կիսվել: