երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
ՀՀ ԱԳ փոխնախարարը Մաթյո Մորիին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները

ՀՀ ԱԳ փոխնախարարը Մաթյո Մորիին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները

Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստան այցի շրջանակներում Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի (այսուհետ՝ Կոնգրես) գլխավոր քարտուղար Մաթյո Մորիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ՀՀ գերատեսչությունների, պետական և հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությունը՝ ի նպաստ ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների: Կոնգրեսի մոնիտորինգային մանդատի և տեխնիկական աջակցության շրջանակում կարևորվել է ՀՀ համագործակցությունը վարչատարածքային բարեփոխումների գործընթացում:

Անդրադառնալով ՀՀ բարեփոխումների օրակարգն առաջխաղացնող Հայաստան-Եվրոպայի խորհուրդ երկկողմ համագործակցության հիմնական գործիքին՝ 2023-2026թթ․ Գործողությունների ծրագրին (ԳԾ), Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի փորձագիտական աջակցությամբ իրականացող ԳԾ-ում ներառված տեղական ժողովրդավարության երկու ծրագրերի համար, որոնցից մեկը նախատեսված է ՀՀ համայնքներում ԼՂ փախստականների կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակցի խնդրանքով նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է տարածաշրջանային, Հայաստան-ԵՄ գործընկերության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

  • Կիսվել: