շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Էստոնիայի պետքարտուղարին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Էստոնիայի պետքարտուղարին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ՀՀ նախագահի՝ Էստոնիա այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ քաղաքական հարցերով պետքարտուղար Կիլիկե Սիլաստե-Էլինգին։

Հանդիպման մասնակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Էստոնիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ սերտ համագործակցությունը՝ հիմնված ամուր պատմական կապերի և համընդհանուր արժեքների վրա։ Ընդգծվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու կարևորությունը։

Զրուցակիցները բարձր են գնահատել Եվրամիության շրջանակներում Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցությունը, հատկապես՝ ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում, և վստահություն հայտնել, որ ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացումը կխթանի երկու երկրների միջև հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից կեղծ բնապահպանական հիմնավորումներով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վրա:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը։

 

  • Կիսվել: