հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եվրասիական փորձագիտական ակումբը ներկայացրեց հինգերորդ հետազոտությունը

Եվրասիական փորձագիտական ակումբը ներկայացրեց հինգերորդ հետազոտությունը

«Հայաստանի տնտեսությունը 2019 թվականին ԵԱՏՄ-ում մեր երկրի նախագահության ընթացքում» թեմայով 2019 թվականը հետճգնաժամային Հայաստանում ռեկորդային ՀՆԱ-ի աճ է արձանագրել՝ այն կազմել է 7,6%: Տնտեսական ակտիվության ինդեքսը նույնպես շատ բարձր է եղել՝ կազմելով 7,8%: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ ներկայացնելով ակումբի հետազոտությունը «Հայաստանի տնտեսությունը 2019 թվականին ԵԱՏՄ-ում մեր երկրի նախագահության ընթացքում» թեմայով:

«Հայաստանի տնտեսության մեջ 2019 թվականին բացի գյուղատնտեսությունից մյուս բոլոր ճյուղերը ապրել են էական զարգացում:

Օրինակ, Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում ՀՀ արդյունաբերությունը երկու անգամ աճ է արձանագրել նախորդ տարվա համեմատ: 4.5 տոկոս աճ է ապրել շինարարությունը, որը նույնպես տպավորիչ ցուցանիշ է և խոսում է այս ոլորտի զարգացման մասին: Մտածելու առիթ է տալիս այն, որ ՀՀ քաղաքացիների ավանդները ավելացել են 22.4 տոկոսով, քանի որ այս բարձր ցուցանիշը նև վկայում է, որ ավանդատուները չեն գտնում տարբերակներ իրենց գումարը որպես ներդրում օգտագործելու համար: Կարծում եմ, սա խնդիր է, որի մասին պետք է մտածի պետությունը, քանի որ երբ դրսում ներդրումներ ենք փնտրում, առաջին հերթին մենք պետք է նկատի ունենանք ներքին հնարավորությունները»,- ասաց Սաֆարյանը:

Հայաստանում վարչարարության կատարելագործման հաշվին ստվերից դուրս է բերվել և նոր զարգացում է ապրել հարկերի հավաքումը և միայն դրա հաշվին 1 մլրդ դոլար լեգալացվել: Արամ Սաֆարյանի խոսքով, այս գումարի կեսը՝ 500 մլն դրամը ուղղվել է գործարարների գերավճարները փոխհատուցելուն. պետությունը մարել է իր պարտքը, որ կուտակվել էր վերջին 5-6 տարիներին:

Ըստ բանախոսի, սա խոսում է այն մասին, որ պետություն-բիզնես հարաբերությունները առողջ են ու ավելի փոխշահավետ: Իսկ մյուս 500 մլնն ուղղվել է մի շարք սոցիալական ծրագրերի կյանքի կոչմանը՝ աշխատավարձերի և թոշակների բարձրացում և այլն:

«Սրանք առողջացման միտումներ են, որոնք գալիս են ասելու, որ եթե այս ոլորտները շարունակական զարգացման հնրավորություն ստանան և ավելի լավ աշխատանքի դեպքում կարող են դառնալ կայուն զարգացման լուրջ նախապայմաններ»,- շեշտեց բանախոսը:

Արամ Սաֆարյանը նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության պայմաններում ապրել է էական զարգացում: ԵԱՏՄ ներսում և առաջին հերթին դեպի Ռուսաստան ՀՀ ապրանքների արտահանումը ավելացել է շուրջ 11 տոկոսով:

«ՀՀ գլխավոր տնտեսական գործընկերն աշխարհում շարունակում է մնալ Ռուսաստանը. ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են բոլոր ներդրումների 51 տոկոսը, Ռուսաստանից Հայաստան մտած տրանսֆերտները կազմում են բոլոր տրանսֆերտների 63-65 տոկոսը, ՌԴ-ն շարունակում է մնալ մեր արտագնա աշխատուժի համար գլխավոր երկիրը: Ռուսաստանը նաև հայկական պատրաստի արտադրանքի սպառման գլխավոր շուկան է»,- թվարկեց նա:

Նշենք, որ Եվրասիական փորձագիտական ակումբը արդեն հինգերորդ անգամ ամփոփել է Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշները: Այս հետազոտության նպատակն է ուշադրություն հրավիրել վերոհիշյալ ընթացիկ տնտեսագիտական հետազոտությունների հիմնական դրույթներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: