երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի թիրախավnրումը ոչ միայն անընդունելի է, այլև՝ ազգակnրծան դիտավորություն. ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի թիրախավnրումը ոչ միայն անընդունելի է, այլև՝ ազգակnրծան դիտավորություն. ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ

ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանի արձագանքը` ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցու, Սամվել Կարապետյանի, ընդդիմադիրների և Սփյուռքի դեմ ուղղված արշավի վերաբերյալ։

«ՀՀ իշխանության կողմից ծրագրված և իրագործվող Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը, ազգային բարերարների նկատմամբ հաշվեհարդարի քաղաքականությունը, ՀՅԴ-ի ու ընդիմադիրների հանդեպ հալածանքը, Սփյուռքի դերի նսեմացման արշավը անցել են բոլոր սահմանները։

Հայ Առաքելական Եկեղեցին հայրենիքի և աշխարհասփյուռ ազգի հիմնասյուներից է և կրոնական հանգամաքից զատ՝ հայկական էության անաղարտ պահպանման էական խարիսխներից է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի թիրախավորումը ոչ միայն անընդունելի է, այլև՝ ազգակործան դիտավորություն: Եկեղեցու դեմ արշավը նշանակում է հարվածել հայ ժողովրդի միասնությանը և խարխլել պետականության հիմքերը։ Խիստ մտահոգիչ է, որ այս արշավը իրականացվում է Ադրբեջանի պետական և կրոնական ղեկավարների կողմից՝ Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորման զուգահեռ՝ նույնատիպ բառապաշարով և ուղերձներով, այն դեպքում, երբ մեր եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսն անձամբ ակտիվ աշխատանք են իրականացնում հայ գերիների ազատ արձակման, Արցախահայության հավաքական իրավունքների պաշտպանության և վերադարձի իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ։

Եկեղեցու դեմ արշավը ընդլայնելով՝ թիրախ են դարձել նաև նրա կողքին ամուր կանգնած ականավոր հայեր և ազգային բարերարներ, որոնք հստակորեն տեսնում են ՀՀ վարչախմբի հալածանքների քաղաքականության վտանգները։ Ցայտուն օրինակն է վերջերս ձերբակալված Սամվել Կարապետյանի կամայական և անօրինական կալանավորումը, որն ակնհայտորեն քաղաքական հաշվեհարդարի դրսևորում է։ Պարոն Կարապետյանը Հայ եկեղեցու և Հայ դատի նվիրյալ պաշտպաններից է, ով խոսքից այն կողմ՝ իր գործով և ներդրումներով աջակցել է հայ ժողովրդին ու Հայ դատի պայքարին։ Ակնհայտ է, որ սա վախի մթնոլորտ ստեղծելու փորձ է՝ հասարակությանը և ազդեցիկ անհատներին լռեցնելու համար, որպեսզի վերջիններս չարտահայտեն իրենց դիրքորոշումը ազգային հարցերում։

Բազմիցս անդրադարձել ենք քաղաքական այլախոհության նկատմամբ հալածանքներին, ժողովրդավարության նահանջին և խոսքի ազատության խախտումներին Հայաստանում։ Ազգային ուժերի, ընդհանրապես՝ ընդդիմադիրների, և հատկապես ՀՅԴ գործիչների թիրախավորումը, խուզարկությունների և ձերբակալությունների նոր ալիքը ընդդիմադիր ձայները լռեցնելու և հանրության մեջ վախի մթնոլորտ տարածելու հերթական փորձ է, ինչը հատուկ է բռնապետական վարչակարգերին։

Այս ամենին զուգահեռ թիրախավորվում է նաև Սփյուռքը, հատկապես՝ դրա կազմակերպված կառույցները։ Ազգային տեսլականից զուրկ ՀՀ իշխանությունները ջանում են լռեցնել Սփյուռքից հնչող լուրջ մտահոգությունները ՝ արհամարհանքով ու ապատեղեկատվությամբ։ Սակայն Հայաստանի ճակատագիրը միայն ՀՀ քաղաքացիների գործը չէ, այն ամբողջ հայության մտահոգությունն է։ 

Այսօր մեղսակից լռությունը կարող է հանգեցնել մեր ազգային արժեքների կորստին և բռնատիրական պետական քաղաքականության ամրապնդմանը։ Ոչ մի հայրենասեր սփյուռքահայ իրավունք չունի մերժելու իր պատասխանատվությունը՝ լուռ հետևելով, թե ինչպես են պետական լծակներն ուղղվում մեր հոգևոր, բարեգործական և ընդդիմադիր կառույցների դեմ։

Իշխանության այս ներհայրենական և ներազգային քանդող քաղաքականությունը հարված է նաև Հայաստանի պետականությանը։ Անընդունելի է, որ այս ճգնաժամային շրջանում, երբ Թուրքիան և Ադրբեջանը հարցականի տակ են դնում անգամ հայրենիքի գոյության իրավունքը, Հայաստանի իշխող խումբը հատուկ ջանքերով շարունակի տանել այն քաղաքականությունը, որն ուղղված է հայ ժողովրդի պառակտմանը, վախի և սարսափի մթնոլորտի տարածման միջոցով ամեն տեսակ տարակարծության լռեցմանը և բռնապետական մեթոդներով ժողովրդավարության ու մարդկային տարրական իրավունքների ոտնահարմանը։

Ժամանակն է, որ այս գռեհիկ և ազգակործան կազմակերպված գրոհը արժանանա համահայկական աներկբա խիստ դատապարտման»:

  • Կիսվել: