շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հերթական փոխոստիկանապետ է նշանակվել մեկը, ով համակարգում աշխատանքի որևէ վաստակ չունի․ Արման Բաբաջանյան

Հերթական փոխոստիկանապետ է նշանակվել մեկը, ով համակարգում աշխատանքի որևէ վաստակ չունի․ Արման Բաբաջանյան

Ոստիկանություն արմատական և հիմնարար քայլերի փոխարեն անթույլատրելի նշանակում է արվել։ Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ 

«Անցած շաբաթ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մհրյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ: Հայկ Մհրյանի անունը քչերին է ծանոթ ոստիկանական համակարգում: Նա տարիներ առաջ կարճ ժամանակով միջին օղակի մեկ-երկու պաշտոն է զբաղեցրել Ոստիկանությունում, ապա 2013-2015 թվականներին գտնվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում, որից հետո ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։ Նրա վերջին՝ հանրությանը հայտնի պաշտոնը Նոր Նորքի թաղապետի պաշտոնն է, որից ազատվեց մի սկանդալային պատմության պատճառով: Եվ քանի որ նրան ոստիկանապետի տեղակալի պաշտոնում նշանակելու իրավական արգելք կար ունեցած կոչումի իմաստով, նա վերջերս ընդամենը մի քանի օրով նշանակվեց Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ այդ արգելքը հաղթահարելու և ոստիկանապետի տեղակալ դառնալու համար:

Այսպիսով, հերթական փոխոստիկանապետ է նշանակվել մեկը, ով համակարգում աշխատանքի որևէ վաստակ չունի, հայտնի չէ համակարգին և այդ պաշտոնում հայտնվել է բացառապես այն պատճառով, որ Ոստիկանության գործող ղեկավարի մտերիմն է: Մհրյանի նշանակումը եկավ լրացնելու ոստիկանապետի տեղակալների պաշտոնում վերջին խայտառակ նշանակումների շարքը: Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ ոստիկանությունում արմատական բարեփոխումների խնդիրը դարձել է հանրային-քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցերից մեկը: Ու որպես սառը ցնցուղ ոստիկանությունում ստանում ենք նման նշանակում: Այն դեպքում, երբ ոստիկանության համակարգում կան տասնյակ արժանավոր ծառայողներ, ովքեր տարիների, տասնամյակների վաստակ ունեն իրավապահ մարմիններում և կարող էին նշանակվել բարձր պաշտոնում:

Մինչդեռ համակարգից դուրս կադրերից բարձր պաշտոններում նշանակմամբ մեծ վնաս է հասցվում ողջ համակարգին, սպանվում է համակարգի արժանավորների մոտիվացիան: Սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ, կրկնում եմ, ոստիկանության բարեփոխումների հարցը դարձել է կենսական անհրաժեշտություն, երբ ոստիկանության առջև խնդիր է դրված պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: Այսինքն՝ ոստիկանությունն ունի արմատական վերափոխումների կարիք, սակայն ոստիկանության ղեկավարության անձնական մոտիվացիաների պատճառով համակարգը ոչ միայն չի զարգանում, այլև հետ է շպրտվում դեպի անցյալ, դեպի այն ժամանակներ, երբ բարձր պաշտոններում նշանակումները կատարվում էին անձնական մտերմության ու հավատարմության սկզբունքով:

Իրավապահ մարմիններն ընդհանրապես, ոստիկանությունը՝ առաջին հերթին, կարիք ունեն անհապաղ ինստիտուցիոնալ բարեփոխումների: Վեթինգը, համակարգի լյուստրացիան քայլերի մի մասն են, որոնք անխուսափելիորեն պետք է կատարվեն՝ համակարգն առողջացնելու ու նոր Հայաստանի պահանջներին համապատասխանեցնելու համար: Այլապես նոր Հայաստանի հռչակումները մնալու են սոսկ որպես կարգախոսներ, երկրում շարունակելու են գործել նախկին փտած համակարգերն ու կառուցակարգերը՝ փոշիացնելով թավշյա հեղափոխության արժեքներն ու ձեռքբերումները»,- մասնավորապես գրել է Բաբաջանյանը։

  • Կիսվել: