Հեռացեք, տղերք, հեռացեք խաղաղությամբ. Սասուն Միքայելյանը՝ Ռուբեն Հայրապետյանին և մյուսներին
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ ամբիոնը օգտագործեց ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) արձագանքելու համար:
«Ասում ա՝ ոտ կմաքրենք, Նիկոլիկ… ես էլ կարամ ասեմ՝ Սերժիկ, Ռոբիկ… հասկանո՞ւմ եք: Բայց ես ինձ թույլ չեմ տվել էսքան ժամանակ, որովհետև ես հարգում եմ այդ ինստիտուտը: Ես այսօր հպարտ եմ, որ ամբողջ հայ ազգը ընտրել է վարչապետ: Բոլորդ ինձանից շատ եք Փաշինյանի հետ վիճել: Բայց մենք մի հարցի շուրջ չենք վիճակում՝ երկրում հեռացել ա էն իշխանությունը, որը բռնազավթել ա իշխանությունը: Էս դահլիճից արյան հոտ ա գալիս, ինչքան էլ բերեն զարդարեն, օվալաձև անեն, էս դահլիճից արյան հոտ ա գալիս, Ես ստեղ Կարեն Սերոբիչի արյունն եմ տեսել ու երդում եմ կերել՝ սրանց վերջը պետք ա գա», -իր ելույթում հայտարարեց Սասուն Միքայելյանը:
Նա հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը շատ հարցերի վրա է աչք փակել, «ջրել է» Ռոբերտ Քոչարյանի իմպիչմենտի հարցը:
«Այսօր, չգիտեմ, փակուղի ենք մտել նախորդ իշխանության ձեռքով, պրծել եք, ժողովուրդ, ի սեր Աստծո, գնացեք, հեռացեք, ձեր արյունը էս երկրի վրա չպիտի թափվի, հեռացեք խաղաղությամբ: Էլ դուք իշխանության չեք գա, գնացեք, վերջիվերջո էս մարդիկ (Նկատի ունի ժողովրդին-խմբ.) հիմար չեն, գիժ չեն», -հայտարարեց Միքայելյանը: