հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայտնի մարդկանց երեխաները ծնվեցին Ամերիկաներում, այլ ոչ թե Ստեփանակերտում․ Արփի Դավոյանը՝ Արծվիկ Մինասյանին

Հայտնի մարդկանց երեխաները ծնվեցին Ամերիկաներում, այլ ոչ թե Ստեփանակերտում․ Արփի Դավոյանը՝ Արծվիկ Մինասյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից բարձրաձայնված «Հայաքվե» նախաձեռնությանը։

Դավոյանը նկատեց՝ սկզբում խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում էր, որ կապ չունի նախաձեռնության հետ, այն քաղաքացիական է, իսկ այսօր արդեն դրա վերաբերյալ հրավիրում են լսումներ Ազգային ժողովում։

«Ամեն ինչ ներկայացնում եք այնպես, ինչպես դուք եք ուզում, այս ընթացքում ԱԺ ամբիոնից ցանկացած առիթով ասում եք, որ ձեր ժամանակներում երանելի բանակցային իրավիճակ էր: Իրականում դա չի նշանակում, որ դուք ճիշտ եք, գուցե տեխնոլոգիա է, որ նույն բանը շատ կրկնում եք, մարդիկ սկսեն հավատալ, որ դուք ճիշտ եք ասում: Հիմա 1990 թիվը չԷ, ինտերնետ կա, բանակցային փաստաթղթերը հրապարակված են։ Երբ «Հայաքվեի» վերաբերյալ այս ամեն ինչը սկսվեց, ասում եք, որ դուք դրա հետ կապ չունեք, հետո բոլորդ ստորագրեցիք այդ նախագիծը, հետո ինչ-որ հայտարարություն հայտնվեց ԱԺ-ում, և լսումներ տեղի ունեցան: Հիմա ակնհայտ է դառնում, որ խորհրդարանական լսումները կարող են ներկայացնել միայն խմբակցությունը։ Ինձ մոտ համոզմունք է առաջանում, որ բերել եք այս նախագիծը, որպեսզի կարողանաք լսումներ հրավիրել»,- ասաց նա։

Վերջինս հարց ուղղեց Մինասյանին՝ ինչպես է պատկերացնում, որ իրենց խոսքով բնորոշված դավադիրները՝ իշխանության ներկայացուցիչները, պետք է քվեարկեն կողմ այս նախաձեռնությանը՝ հաշվի առնելով նաև այն, որ ընդդիմադիր պատգամավորը բազմիցս խեղաթյուրել է բանակցային գործընթացի հետ կապված ցանկացած հարց։

Մինասյանը, արձագանքելով Դավոյանին, նրան մեղադրեց մանիպուլյացիայով զբաղվելու համար՝ ընդգծելով՝ ամոթ նրան, ով իշխանությանը դավադիր ու դավաճան կասի, եթե այս նախագծին կողմ քվեարկեն։

Արփի Դավոյանն էլ անդրադարձավ ԼՂ-ն հայաթափելու մասին՝ Մինասյանի պնդումներին․ «Ասում եք՝ հայաթափումը սկսվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ից, մինչև 2018 թվականը ԼՂ-ում ապրում էր 122 հազար մարդ, սկսվել է այն ժամանակ, երբ 1994 թվականից հետո այնտեղ գոնե կես միլիոն մարդ չէր ապրում։ Բազմաթիվ գումարներ են ներդրվել ՀՀ հարկատուների հաշվից, բայց այնտեղ չի եղել այն, ինչ պետք է լիներ, և եղածը նաև դրա արդյունքներն են։ Շատ ու շատ հայտնի մարդկանց երեխաներ ծնվեցին Ամերիկաներում, այլ ոչ թե Ստեփանակերտում»։

  • Կիսվել: