երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
«Հայրենիքի փրկության շարժման» մարտավարության մեջ փոփոխություններ կլինեն. Սաղաթելյան

«Հայրենիքի փրկության շարժման» մարտավարության մեջ փոփոխություններ կլինեն. Սաղաթելյան

Հասարակական պահանջի ճշտումը իրենք արել են հավանաբար իրենց խմբակցության ներսում, հակառակ դեպքում կկարողանային ֆիքսել, որ իրոք հասարակական  պահանջ կա՝ օր առաջ այս չարիքի կառավարությունը հեռացնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը, նա նշեց․

«Առաջին վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ այլեւս վերարտադրվելու հնարավորություն չունի, դա անհնարին է:Երկրորդ, հասկացել է, որ լուրջ խնդիրներ ունի իր թմի ներսում, որովհետեւ ԱԺ-ում պատահական հայտնված պատգամավորների մեծ մասը քաջ գիտակցում է, որ ինքը այլեւս կորցնելու է իր մանդատը: Ընդ որում կորցնելու է անվերադարձ: Երրորդ պատճառը, որ իրենց թվում է, որ կարող են այս ամեն ինչը մարսել կեղծ օրակարգերով մեր հասարակությանը մոլորեցնել, ժամանակ ձգել, ընթացքում ամրապնդել իրենց իշխանությունը, եւ փորձեն հաղթահարել  իրավիճակը: Այստեղ չարաչար սխալվում ենմ, որովհետեւ հայ մարդը, հայ ժողովուրդը երբեք չի կարող  հանդուրժել այս դավաճան իշխանության գործունեությունը»,-ասաց նա:

Հիշեցնենք, փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 

Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում։

«Հայրենիքի փրկության շարժման» հետագա գործողությունների վերաբերյալ Սաղաթելյանը հայտնեց,, որ առաջիկա օրերին շարունակվելու են բողոքի զանգվածային հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնել․

«Մենք մի քանի օր օր առաջ հայտարարել ենք, որ մեր գլխավոր հանրահավաքը տեղի է ունենալու փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին, Ազատության հրապարակում»:

Սաղաթելյանը խոսովանեց, որ այն ծրագիրը, որ մտածում էին, թե շատ կարճ ժամանակում հայ ժողովուրդը դուրս կգա փողոց եւ րոպե առաջ կքշի այս իշխանությանը, այդ փուլում չեն հաջողել.

«Այնպես չէ, որ չկա հասարակական պահանջ: Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ կա համահայկական, համահայաստանյան հասարակական պահանջ այս իշխանությանը րոպե առաջ հեռացնելու: Բայց այդ պահանջը չի վերածվել պայքարի: Մեր առաքելությունը պետք է լինի դա, որ այս համաժողովրդական պահանջը վերածվի ժամաժողովրդական պայքարի:

Եթե մինչ այս բազմաթիվ քաղաքացիներ մտածում էին, որ ընտրությունների միջոցով կգնան իրենց բողոքը կարտահայտեն եւ այդ ճանապարհով կհեռացնեն այս չարիքի կառավարութանը, հիմա այդ ճանապարհը եւս փակվում է իշխանության կողմից: Կարծում եմ՝ սրանից հետո այդ քաղաքացիները պարտավոր են իրենց բողոքն արտահայտել փողոցում»,-ասաց նա:

Սաղաթելյանը հավելեց, որ շարժման մարտավարության մեջ փոփոխություններ լինելու են, բայց գլխավոր նպատակը նույնն է՝ համաժողովրդական լայն զանգվածային ճնշումների արդյունքում հասնել իշխանության հեռացմանը:

  • Կիսվել: