հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայոց ցեղասպանությունը, առաջին հերթին, մարդու իրավունքների խախտման մասին է. մեքսիկացի սենատորը՝ Խաչատուրյանին

Հայոց ցեղասպանությունը, առաջին հերթին, մարդու իրավունքների խախտման մասին է. մեքսիկացի սենատորը՝ Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին և Ինդիրա Կեմպիս Մարտինեսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Մեքսիկայի Սենատի կողմից այս տարվա փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթի ընդունումը և սենատորների անգնահատելի ավանդն այդ գործում:

«Ուրախ եմ այս հանդիպման համար, որն առիթ է ստեղծում ձեզ երախտագիտության խոսքեր հղել Մեքսիկայի Սենատում ձեր քաղաքական դիրքորոշման համար՝ հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին աջակցելու համատեքստում: Մեզ համար շատ մեծ նշանակություն ունի այն, որ դուք այդ քայլն արել եք, քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի պատմության ամենացավոտ էջերից է:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև այսօրվա մեր իրավիճակի հետ կապված ձեր դիրքորոշման և աջակցության համար, խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ իրականացված ագրեսիային»:

Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Հայոց ցեղասպանությունն, առաջին հերթին, մարդու իրավունքների խախտման մասին է: Սենատորները շատ լավ գիտակցում են՝ այն թեմաները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների խախտմանը, պետք է մշտապես տեսանելի լինեն, որպեսզի նման ոճրագործություններն այլևս երբեք չկրկնվեն»:

Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը մեքսիկացի խորհրդարանականներին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների, ղարաբաղյան հակամարտության ծագման և բովանդակության վերաբերյալ: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման խնդրին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը հայտնվել է հումանիտար ճգնաժամի վտանգի առջև:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել մշակույթի, զբոսաշրջության և առևտրատնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացման և առկա ներուժի առավել արդյունավետ իրացման հնարավորություններին:

  • Կիսվել: