Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին։
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին և բարձր գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված սերտ ու արդյունավետ համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված աշխատանքը ԵԽ-ի հետ նպաստում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը։
Նախագահը նշել է, որ ժողովրդավարության խթանումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունների շարքում է և հավելել է, որ կառավարության տարբեր կառույցների և Եվրոպայի խորհրդի միջև առօրյա համագործակցությամբ իրականացվում են խորքային և հավակնոտ բարեփոխումներ։
Իր հերթին Թեոդորոս Ռուսոպուլոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ բարձր է գնահատում վերջին տարիներին Հայաստանում արձանագրված նշանակալի փոփոխությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ժողովրդավարության արժեքների առաջմղման շարունակականության ապահովման վերաբերյալ հարցեր: Կարևորվել են վերջին տարիններին տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումները, որոնք միտված են օրենքի գերակայության ամրապնդմանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական փոփոխություններին և վերջիններիս համատեքստում առաջ եկած մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հնարավորություններին: Կողմերը երկուստեք շեշտել են, խաղաղ գոյակցության և կայունության կարևորությունը ժողովրդավարության հետագա զարգացման տեսանկյունից:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանի ընդհանուր իրադրության վերաբերյալ, ինչի կապակցությամբ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է ինչպես հարևանների հետ բարիդրացիության և խաղաղության հասնելու հարցում, այնպես էլ դեմոկրատական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ մնալու իր դիրքորոշման մեջ: