հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայկական տարածքների նկատմամբ ոտնձգությունները և զինված գործողություններն անընդունելի են. Բունդեսթագի պատգամավոր

Հայկական տարածքների նկատմամբ ոտնձգությունները և զինված գործողություններն անընդունելի են. Բունդեսթագի պատգամավոր

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) պատգամավոր Դիտմար Նիթանը ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ հանդիպմանը հաստատել է իր հանձնառությունն առ այն, որ թե՛ Բունդեսթագը, թե՛ Դաշնային կառավարությունը պետք է առավել հստակ արձանագրեն, որ հայկական տարածքների նկատմամբ ոտնձգությունները և զինված գործողություններն անընդունելի են և անհապաղ պետք է դադարեն։ Այս մասին Բունդեսթագի պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր Բունդեսթագում հանդիպեցի Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ։ Մեր դիրքորոշումը համընկնում է. Հայաստանի սահմանների և տարածքի նկատմամբ ոտնձգությունները, որոնք տեղի են ունենում ադրբեջանական ռազմական լայնածավալ գործողությունների արդյունքում՝ անընդունելի են։

Միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը ուղղված բանակցությունները՝ ի վերջո հասցեագրելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, կարող են հանգեցնել երկու երկրների ժողովուրդների միջև միմյանց կողքի խաղաղ բնակվելուն։ Ես դեսպանին հաստատեցի իմ հանձնառությունը առ այն, որ թ՛ե Բունդեսթագը և թե՛ Դաշնային կառավարությունը պետք է առավել հստակ արձանագրեն, որ հայկական տարածքների նկատմամբ ոտնձգությունները և զինված գործողություններն անընդունելի են և անհապաղ պետք է դադարեն՛՛:

  • Կիսվել: