Ակնարկ եղել է՝ հայկական կողմը կտրանականապես մերժել է Թուրքիայի հետ սահմանների վերաճշգրտման հարցը․ Աղաջանյան
Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն չենք տեսնում․ ՍիվիլՆեթի տաղավարում այսպիսի հայտարարություն է արել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել»,- նշեց Աղաջանյանը։
Հարցադրմանը, թե ո՞րն է Թուրքիայի նպատակը, ժամանա՞կ ձգել, Աղաջանյանը պատասխանեց, որ Թուրքիային ձեռնտու է լինել այս խոսակցության մեջ։
Արշալույս Մղդեսյանի հարցին, թե ինչ էր նշանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ օրերս արած հայտարարությունը սահմանների վերաճշգրտման վերաբերյալ, Աղաջանյանը պատասխանեց, որ նման ակնարկ եղել է նաև Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցություններում, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը շեշտեց՝ «այստեղ անելիք չկա, սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ»։
«Ինչո՞ւ է Թուրքիան բարձրացնում այս հարցը՝ կարելի է կռահել»,- ասաց Աղաջանյանը։