երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն և գնում է տնտեսությունը քայլ առ քայլ դիվերսիֆիկացնելու ճանապարհով․ Փաշինյան

Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն և գնում է տնտեսությունը քայլ առ քայլ դիվերսիֆիկացնելու ճանապարհով․ Փաշինյան

Հայաստանի իշխանությունները իրականացնում են բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։

Այս մասին Երևանում շրջայցի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին։

«Մենք իրականացնում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Ի՞նչ է նշանակում այդ քաղաքականությունը։ Այդ քաղաքականության իմաստն այն է, որ որևէ հարաբերություն հավարակշռությունից դուրս չգա, այսինքն՝ մենք որևէ երկրի, որևէ միջազգային սուբյեկտի հետ չհավասարակշռված հարաբերություն չունենա»,- ասել է ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով քաղաքացու դիտարկմանը, թե ինքը հասկանում է, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր չէ, բայց նաև Հայաստանի իշխանությունների կողմից չպետք է լինեն հայտարարություններ կամ գնահատականներ, որոնք կարող են խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերություններում, մասնավորապես Հայաստանից Ռուսաստան մթերքների արտահանման  հարցում կարող են խոչընդոտներ ստեղծվել՝ Փաշինյանն ասել է․  

«Դուք ասում եք, որ Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր չէ, ես դրա հետ համաձայն չեմ, Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, նաև մեզ բարեկամ է Եվրամիությունը։ Մենք դիվանագիտական դասագրքերից գիտենք, որ «չկան հավերժակաան բարեկամներ և թշնամիներ, կան հավերժական շահեր», մենք դա, դիվանագիտության մեր պրակտիկայից ելնելով, վերաձևակերպել ենք հետևյալ կերպ՝ «չկան բարեկամներ և թշնամիներ, կա գործակցություն»։ Մենք պետք է արձանագրենք, որ այսօր գործնականում չկա մի խնդիր, որը ծագել է 2018 թվականից հետո, բոլոր խնդիրներն այս կամ այն չափով գոյություն են ունեցել նաև նախկինում։ Եվ մենք, այո, աշխատում ենք և դա մեր օրակարգում է, մենք այդ աշխատանքի մեջ նաև այնպես ենք անում, որ շատ կտրուկ գործողություններ չլինեն, կտրուկ գնահատականներ չտանք, կտրուկ հետևություններ չանենք, որովհետև դրա արդյունքում ինչ է լինում՝ ունքը սարքելու տեղը, աչքն էլ հանվում է»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ վերջերս իր կողմից հնչեցվող թեզը, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ նույնպես վերը նշվածի մասին է։ «Մենք քայլ քայլ գնում ենք տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ճանապարհով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

 

  • Կիսվել: