հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին. Արմեն Գրիգորյան

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին. Արմեն Գրիգորյան

 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակվում են: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի մասով ադրբեջանական կողմի առաջարկներին, որը փոխանցվել էր հայկական կողմին:

«Տեքստի վրա շարունակում ենք աշխատել, և մեր կողմից խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ հայկական կողմը իր ամբողջ ջանքերը կներդնի, որպեսզի մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքվի:

«Հայաստանը՝ ի դեմս իշխանության, իր ամբողջ ջանքերը ներդրել է, որպեսզի կարողանանք ունենալ խաղաղության պայմանագիրը: Հիմա ավելի մոտիկ լինելով տարեվերջին՝ դժվար է ասել, որ կստացվի, բայց շարունակելու ենք աշխատել և աշխատանքների արդյունքներից է կախված այդ ամենը»,- նշեց Գրիգորյանը:

Հարցին, թե ինչ նոր երրորդ առաջարկներ է ներկայացրել Բաքուն, որի վրա հայկական կողմն աշխատում է, Գրիգորյանն արձագանքեց. «Դրանք տարբեր չեն: Աշխատանքը այսպես է տեղի ունենում. Ադրբեջանը Հայաստանին տվել է խաղաղության պայմանագրի նախնական տեքստ, այսինքն 5 կետերը ավելի բացված: Հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատել է եւ իր պատասխանը տվել է Ադրբեջանին եւ Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում: Վաշինգտոնի քննարկումներից հետո Ադրբեջանը  անցած ամսվա վերջին կամ այս ամսվա սկզբին Հայաստանին է փոխանցել է այդ տեքստի աշխատած իր տարբերակը: Հայաստանը հիմա այդ տեքստի վրա աշխատում է կամ իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում այդ տեքստի վրա եւ շուտով կփոխանցենք Ադրբեջանին»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Գրիգորյանը միայն ասաց, որ դեռևս վերջնական որոշումը չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու:

«Վաշինգտոնում համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Նաև հստակություն չկա խաղաղության պայմանագրո՞վ է դա արվելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս: Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, կողմ է, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,- եզրափակեց Գրիգորյանը:

  • Կիսվել: