շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման իր դիրքորոշմանը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման իր դիրքորոշմանը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բեռլինի քաղաքապետարան և գրառում կատարել պատվո հյուրերի մատյանում:

Բեռլինի քաղաքապետ Կայ Վենգերը, շնորհակալություն հայտնելով այցելության համար, նշել է, որ քաղաքապետի պաշտոնում Հանրապետության նախագահի այցը իր համար առաջին բարձր մակարդակի ընդունելությունն է:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաև հատուկ օլիմպիական խաղերի բարձր մակարդակի կազմակերպվածության համար:

Քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք արձանագրվել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են և համագործակցային մեծ ներուժ ունեն:

Հանրապետության նախագահն իր խոսքում մանրամասներ է ներկայացրել Հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հակամարտության շուրջ ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը, ինչպես նաև բարձր է գնահատել խաղաղության հաստատման ուղղությամբ գործընկերների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլերի ջանքերը:

Կայ Վենգերն իր խոսքում նշել է, որ ՀՀ նախագահի այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման համար և իր նպաստը կբերի բիզնեսի, առևտրատնտեսական, մշակութային, բարձր տեխնոլոգիական և այլ ոլորտներում հայ-գերմանական համագործակցության հետագա զարգացմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է հավատարմությունը ժողովրդավարական ազատությունների ու մարդու իրավունքների գերակայության սկզբունքներին, որոնք համամարդկային արժեքներ են և լավ հիմք երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա սերտացման և լավագույն փորձի փոխանակման համար:

  • Կիսվել: