Բեռլինում հեռուստաաշտարակի վերելակի խափանման պատճառով մոտ 20 մարդ մնացել է 126 մետր բարձրության վրա
Ուրբաթ երեկոյան վերելակի խափանման պատճառով մոտ 20 մարդ է արգելափակվել Բեռլինի «Funkturm» հեռուստաաշտարակում: Այս մասին հայտնել է քաղաքային հրշեջ ծառայությունը, տեղեկացնում է dpa-ն։
Նշվում է, որ այցելուներից մոտ 15-ը մնացել են աշտարակում գտնվող ռեստորանում, իսկ 4-ը՝ գետնից շուրջ 126 մետր բարձրության վրա գտնվող դիտահարթակում։
Հրշեջներին հաջողվել է ռեստորանի այցելուներին ցած իջեցնել աստիճաններով։ Սահմանափակ շարժունակությամբ մեկ քաղաքացու իջեցրել են հատուկ էվակուացիոն աթոռի օգնությամբ։
Դիտահարթակում գտնվողները, սակայն, չեն կարողացել օգտվել վթարային աստիճանից, քանի որ այն հարյուրավոր աստիճաններ ունի․ փրկարարները տարբեր տարբերակներ են դիտարկել, այդ թվում՝ վերամբարձ կռունկի կիրառումը։
Ի վերջո, վերելակն արտադրող ընկերության մասնագետներին հաջողվել է սարքը փոխադրել վթարային ռեժիմի, ինչից հետո մարդիկ ցածր արագությամբ կարողացել են ցած իջնել։
Փրկարարական գործողությունը տևել է մոտ մեկուկես ժամ։ Հրշեջ ծառայության տվյալներով՝ ահազանգը ստացվել է տեղական ժամանակով մոտ 21:40-ին, սակայն հայտնի չէ, թե մինչ այդ որքան ժամանակ են մարդիկ արգելափակված մնացել։
Բեռլինյան «Funkturm»-ը կառուցվել է 1920-ական թվականներին և համարվում է քաղաքի հայտնի տեսարժան վայրերից մեկը։ Աշտարակի բարձրությունը 146,7 մետր է։



