հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայաստան-Թուրքիա սահմանը, և Հայ դատը երբեք չի եղել ՀՀ-ի քաղաքականությունը. վարչապետ

Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայաստան-Թուրքիա սահմանը, և Հայ դատը երբեք չի եղել ՀՀ-ի քաղաքականությունը. վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայաստանը հրաժարվի ՛՛Հայ դատից՛՛ և ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը

Նա ասաց. ՛՛Ավելին, օրինակ՝ 2005-ին Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ և հավակնություններ չունի՛՛

Փաշինյանը հավելեց. ՛՛Այս հայտարարությանը հղում է արել նաև Սերժ Սարգսյանը։ Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականությունը չի եղել և Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայաստան-Թուրքիա սահմանը, դուք չեք գտնի ՀՀ մի ղեկավար կամ կառավարություն, որը կասկածի տակ է դրել Հայաստան-Թուրքիա սահմանը։ Մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվել՛՛:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի մասին` նա նշեց, որ այդ հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը արտահայտված է Կառավարության ծրագրում։

՛՛Այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ էլ եղել են Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները՛՛,-նշեց վարչապետը:

  • Կիսվել: