հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Բաքվում կալանավորված ՌԴ քաղաքացիներին մինչև հիմա հյուպատոսական աջակցություն չի թույլատրվել. ՌԴ ԱԳՆ

Բաքվում կալանավորված ՌԴ քաղաքացիներին մինչև հիմա հյուպատոսական աջակցություն չի թույլատրվել. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիները մինչև հիմա չեն ստացել հյուպատոսական աջակցություն։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես քիչ առաջ կապի մեջ էի մեր դեսպանի հետ։ Նա ասաց, որ, ցավոք, ձերբակալվածներին, ինչպես նաև արդեն կալանավորվածներին դեռ հյուպատոսական աջակցություն չեն թույլատրել։ Մենք ակնկալում ենք, որ այն կտրամադրվի, պետք է տրամադրվի։ Բաքվում մեր դիվանագետները աշխատում են, մենք այստեղ աշխատում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ ունեն, ինչը «դուր չի գալիս որոշ ուժերի»։

Հուլիսի 1-ին Բաքվի դատարանը Ռուսաստանի 8 քաղաքացու 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Նրանք ձերբակալվել էին Իրանից թմրանյութեր տեղափոխելու ու կիբեռհանցագործության կասկածանքով։  

Բաքվի դատարանն ավելի վաղ 4 ամսով կալանավորել էր «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ «Խարդախություն՝ խոշոր վնաս պատճառելով», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր չափերով եկամուտ ստանալու միջոցով», «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում»: 

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն հայտնել է Եկատերինբուրգում ադրբեջանական էթնիկ խմբավորման գործունեության կասեցման մասին: Այն, ըստ քննիչների, առնչվում է 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանություններին: Հունիսի 29-ին դատարանի որոշմամբ կալանավորվել էին Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովները, իսկ հուլիսի 1-ին՝ Բաքիր Սաֆարովը և Ախլիման Գյանջիևը։ Կալանավորվածներից երկուսը մահացել էին։

Հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահ մարմիններն իրենց հերթին գործողություն էին իրականացրել «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: