Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում է 62 ուսուցիչ 10 երկրից: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Վերապատրաստման դասընթացներն այս տարի իրականացվում են Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո:
«Սա ոչ միայն ուսուցանման, դասավանդման, մեթոդական շատ կարևոր աշխատանք է, այլև մարդկային կապերի, հարաբերությունների ձևավորման և միասնական հարթակներ ստեղծելու հնարավորություն: Ընտրված խորագիրը՝ «Գիտելիքի կամուրջ», պատահական չէ. մի կողմից մենք միմյանց փոխանցում ենք գիտելիքն ու փորձառությունը, մանկավարժական հմտություններն ու մեթոդաբանությունը, մյուս կողմից` կամրջում ենք Հայաստանի Հանրապետությունը սփյուռքի տարբեր օջախներին: Կարծում եմ՝ սա այն առանձնահատուկ առաքելությունն է, որը նաև այս ծրագիրն անընդհատ շարունակելու ոգևորություն և մոտիվացիա է տալիս»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։
Նա հատկապես կարևորել է, որ վերապատրաստման ծրագիրը լինի հնարավորինս նպատակային և թիրախային, որովհետև սփյուռքահայ ուսուցիչների իրականացրած աշխատանքը խիստ տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում գործող դպրոցների ուսուցիչների աշխատանքից։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև ծրագրի լավարկման կարևորությունը՝ մանկավարժների առաջարկների ու դիտարկումների հիման վրա. «Այս ծրագիրը հնարավորինս պետք է ծառայի իր նպատակին՝ տալով ամենօրյա աշխատանքում հանդիպող հարցերի պատասխանները»:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակից ուսուցիչներին, վերապատրաստող մանկավարժական թիմին ու գործընկերներին՝ հույս հայտնելով, որ վերջիններիս փորձառությունը, դիտարկումներն ու կարծիքները կնպաստեն ծրագրի կատարելագործմանը:
Վերապատրաստման ծրագիրն իրականացվելու է մինչև հուլիսի 26-ը հետևյալ յոթ ուղղությամբ՝
- ուսուցում մանկապարտեզում,
- ուսուցում մեկօրյա դպրոցում,
- տարրական ուսուցում
- հայոց լեզու և գրականություն
- հայոց պատմություն և մշակույթի պատմություն
- երգ ու պարի ուսուցում
- տնօրենների վերապատրաստում
Վերապատրաստման ծրագրին մասնակցում են սփյուռքահայ ուսուցիչներ Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Վրաստանից, Լիբանանից, Բելգիայից, Ֆրանսիայից։