չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել. ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել. ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման, բայց իբր Հայաստանը նոր նախապայմաններ է առաջ քաշում:

«Հայաստանը պարզապես պահանջել է, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք նշված են եղել անցած տարի նոյեմբերի 26-ին Սոչիում, իրագործվեն: Հայտարարության մեջ նշված է անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, այնուհետև սկսել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը: Բացի դրանից, մի այսպիսի կարևոր հանգամանք կա. երբ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ-երը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա, և սրացումներ լինեն»,- հայտնեց նա:

ԱԽ քարտուղարը նշեց, որ այդտեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել:

«Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ անցնել: Ես համոզված եմ, որ եթե ելնենք բոլոր պայմանավորվածություններից, ապա նման հարց չի կարող ծագել»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

  • Կիսվել: